ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի անհատական օգտահաշվում լուսանկար է հրապարակել, որ ունի այս մեկնաբանությունը. «Վայր, որ որոշում էր Հայաստանի, Արցախի և Իրանի ճակատագիրը. արցախա-իրանական սահման»:
Լուսանկարն, ըստ գրառման հեղինակի, արվել է 2014թ.-ին՝ արաքսամերձ տարածքում: Ֆեյսբուքյան այս հրապարակումն, անշուշտ, քաղաքական է և հետապնդում է Հայաստանի «ուժեղ ժամանակները» ներկայիս «թշվառ կացությանը» հակադրելու նպատակ: Ժամանակը նախընտրական է, և քարոզչության այդ ձևը լիովին հասկանալի է:
Բայց, ինչպես ասում են, «փաստերը համառ» են. ՀՀԿ փոխնագահի լուսանկարն արվելուց երկու տարի հետո, 2016թ. փետրվարի 23-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Թեհրան, որի արդյունքներով կողմերն ստորագրել են « Արաքս գետի վրա «Խուդափերին» և «Գըզ գալասի» հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների կառուցումը շարունակելու, շահագործման, ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման մասին» համաձայնագիրը:
Խոսքը դեռևս ԽՍՀՄ ժամանակներից սկսված և Խորհրդային Միության փլուզման ու ղարաբաղյան զինված հակամարտության պատճառով թերի մնացած ռազմավարական նշանակության կառույցների մասին է, որոնց զբաղեցրած տարածքի մեծ մասը իրանա-ադրբեջանական՝ նախագահների մակարդակով, համաձայնագրի ստորագրման պահին գտնվում էր Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
Պարզապես «աչք է ծակում» իրողությունը, որ Իլհամ Ալիևն այդ պաշտոնական այցից քառասուն օր անց դիմել է ռազմական ագրեսիայի և քառօրյա մարտերի ընթացքում ամենալուրջ հաջողության հասել հենց «արցախա-իրանական սահմանի» այդ հատվածի ուղղությամբ: Ընդ որում, նույն հարցով Ալիևը Թեհրան է այցելել նաև մեկ տարի հետո՝ 2017թ. մարտի 5-ին: Ալիևի թեհրանյան երկորդ այցն ավելի արդյունավետ է ստացվել:
Նա արժանացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ընդունելությանը: Կողմերը պայմանավորվել են, որ թեև նշված ռազմավարական նշանակության օբյեկտները կառուցումէ Իրանը, բայց շահագործման ընթացքում թե ջրային, թե էներգետիկ ռեսուրսները կտնօրինվեն հիսուն-հիսուն համամասնությամբ:
Խուդափերինի ջրամբարների և հիդրոէլեկտրոկայանների շահագործման դեպքում Ադրբեջանն ինչպե՞ս կարող էր տնօրինել իր հիսուն տոկոսի մասնաբաժինը: Դա հնարավոր էր միայն մի դեպքում, եթե այդ օբյեկտների նկատմամբ Բաքուն ուղղակի վերահսկողություն ունենար:
Այսինքն, տարածքները կամ խաղաղ-բանակցային ճանապարհով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, կամ Ադրբեջանը պատերազմով կվերականգներ Իրանի հետ իր սահմանը:
Իրանա-ադրբեջանական՝ 2016 և 2017 թվականների սկզբունքային համաձայնությունները դիվանագիտական պարզ ազդակ էին, որ Թեհրանը արաքսամերձ տարածքների նկատմամբ հայկական իրավազորությունը չի ճանաչում:
Գուցե դա Իսլամական հեղափոխության արդեն հանգուցյալ առաջնորդի աշխարհաքաղաքական սխալ հաշվա՞րկն էր: Գուցե: Բայց այն կատարվել է, երբ Հայաստանում իշխանությունը ազգային-հայրենասիրական էր: Հետագա իրադարձությունները նաև այաթոլլա Ալի Խամենեիի «սխալ հաշվարկի» հետևանք են:

Բաց մի թողեք
Թրամփի համար Լուկաշենկոն «ծամելու և թքելու ապրանք» է, բայց ստիպված է համագործակցել
Մոսկվան պահանջում է ոչ թե Ուկրաինայի սահմանադրության և օրենքների փոփոխություն …
Ադրբեջանը «այլևս արտաքին ազդակներով չի կողմնորոշվո՞ւմ»