01/05/2026

EU – Armenia

Ապրիլմեկյան այց՝ Մոսկվա․ ինչո՞վ կավարտվի

Ծիծաղի օր, հիմարների օր, համաշխարհային տոն, որը բազմաթիվ երկրներում նշվում է ապրիլի 1-ին։

Հրապարակ թերթը գրել է․ Այս տոնի ժամանակ մարդիկ ծաղրում են իրենց ընկերներին և ծանոթներին, կամ պարզապես կատակում են նրանց հետ։ Ավանդաբար այնպիսի պետություններում և երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ»։

Եվ ահա, այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչև այդ, իշխանության ղեկին կանգնած անձը հայտարարում է, թե Ռուսաստանը մեր բարեկամն է։ Թվում է՝ ոչ մի արտառոց բան չի ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության ու եղբայրության համատեքստում։ Բայց․․․

Սա ասում է մեկը, որը և որի իշխանության ներկայացուցիչները հակառուսական քաղաքականություն են վարում, պարբերաբար բոյկոտել են ռազմավարական դաշնակցի հետ համատեղ պլատֆորմների, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում գործակցությունները, քինոտ ձևակերպումներ են անում ռուսաստանյան պաշտոնյաների, շրջանակների հասցեին, «սև ցուցակ» կազմում ռուս տարբեր գործիչների, ռուսական ԶԼՄ-ների ներառմամբ, խոսում հիբրիդային պատերազմի մասին՝ նկատի առնելով հյուսիսային բարեկամին և իբր նրա կողմից հովանավորվող հայաստանյան «հինգերորդ» շարասյանը։

Չմոռանանք նաև, այս բարեկամության մասին հայտարարում է նա, ով Սյունիքից և Զվարթնոցից հանում է ռուս սահմանապահներին, ձերբակալում, հետապնդում է Հայաստանի բոլոր ռուսամետ գործիչներին՝ նրանց ԿԳԲ-ի գործակալ համարելով (այդ թվում ՝ Վեհափառի եղբորն ու այլոց), ով ՀՀ քաղաքացու հարկերի հաշվին գործող և հանրությանը հաշվետու լինելու կոչված Հանրային կոչվող, բայց ոչ հանրային հեռուստանկերության եթերը լցնում է ռուսաֆոբ մանկլավիկներով, հակառուսական խոսույթով։ Ո՞րն ասես, ո՞րը թողնես։

Եվ ուրեմն, Փաշինյանի ասածը՝ Ռուսաստանի բարեկամ լինելու մասին, առնվազն սուտ ու ծիծաղելի է առնվազն իր ու իր խմբակի մասով։

Այն, որ նրա ոչ մի խոսք լուրջ չէ և հիմնված է մանիպուլյացիայի, ստի և չքմեղանալու համար հայտնի է բոլորին։ Այդ մասին հրաշալի գիտեն նաև Կրեմլում, Ռուսաստանում՝ ընդհանրապես։

Եվ նրա այցը հենց Ապրիլի 1-ին, օրինաչափորեն, համընկնում է հենց օրվա խորհրդին։ Նա այնտեղ կարող է «սեր խոստովանել» և «հավատարմության» երդում տալ անձամբ Պուտինին, իսկ հետո անհավասարակշիռ մի պահի հակադարձել, հերքել, թե դա ասելով՝ այն նկատի չի ունեցել, ինչ մենք ենք հասկանում։ Այսինքն ինքը ստելու է միաժամանակ երկու անգամ՝ նախ, իրականում ստելու է Մոսկվայում, որովհետև մտքինն ու գործնականում այլ է, ապա ստելու է, թե նման բան չի ասել։

Բայց նրա սուտն այլևս մեզ չի կարող հիմարացնել, որովհետև նա ոչ թե մեզ է հիմար տեղ դնում, այլ ․․․

Ծիծաղելի չէր լինի այսքան, եթե այսքան լուրջ չլիներ։