Մինչ ադեկվատ մարդիկ փորձում են բացատրել ՀՀ քաղաքացիներին, թե ինչ վտանգներ է պարունակում ՔՊ-ի իշխանության մնալը Հայաստանի ու կոնկրետ յուրաքանչյուր հայի համար, ՔՊ-ականները գժության ու անպատկառության նոր մաստեր-կլասներ են ցուցադրում, փորձում հերթական «պարտությունը» հաղթանակ ներկայացնել:
Հրապարակ թերթը գրել է․ Սրանց թվում է, թե գազի գնի բարձրացման, Հայաստանից Ռուսաստան արտահանման կրճատման, ատոմակայանի, երկաթուղու, միջանցքի մասին Պուտինի և Օվերչուկի շատ ուղիղ հնչեցրած սպառնալիքներն ընդամենը կատակ են ու իրենք էլ էնքան ինքնիշխան ու դուխով տղերք են, որ ի պատասխան կսպառնան, թե` դուրս կգանք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, Պուտինի ոտները կթուլանան ու հետ կանգնի իր մտադրություններից:
Սրանք անգամ չեն պատկերացնում, թե ինչ կրակի հետ են խաղում և այդ սպառնալիքների թեկուզ կեսի իրականացումն ինչ կնստի մեր պետության ու ժողովրդի վրա: Նռնակը ձեռքին կապիկը սրանց համեմատ ողջախոհության մարմնացում է: Նույն անմեղսունակությամբ արդեն մեզ պարտության են տարել, կյանքեր խորտակել, հողեր հանձնել…
8 տարին ավելի քան բավարար ժամանակ է, որ մեր ժողովուրդը հասկացած լիներ, որ սրանք զրո պատասխանատվությամբ և զրո քաղաքական խոհեմությամբ իշխանություն են: Վաղը երբ գազը եռապատիկ թանկանա, ապա բոլոր արտադրությունները Հայաստանում կանգնեն..շղթայական ռեակցիայով կյանքը կանգ կառնի Հայաստանում: Ոչինչ չեք արտադրի, ոչինչ չեք արտահանի, մասսայական կրճատումներ կլինեն, ով էլ կաշխատի`աշխատավարձն ու թոշակը ցամաք հացի էլ չեն բավարարի…
Եվ բոլոր նրանք, ովքեր հանգիստ են տարել Արցախի կորուստը` որովհետև արցախցի չեն, պատերազմի զոհերը` որովհետև մերձավոր չեն կորցրել, քաղբանտարկյալների գոյությունը` որովհետև իրենց տնից կալանավոր չունեն, եկեղեցու դեմ արշավը` որովհետև անհավատ են ու «տերտերներին չեն սիրում»…այդ աղետից փրկվելու հնար չեն ունենալու: Տնտեսական կոլապսը, գներն ու թանկացումները բոլորին են վերաբերվելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը բոլորի կյանքն է խաթարելու…
Կարո՞ղ է արևմուտքը չեզոքացնել այդ վտանգները: Անշուշտ ոչ: Որովհետև արևմուտքը մեզ գազ և էներգիա չի տալու, աշխատանքով չի ապահովելու, բարեգործություն չի անելու…միայն ցավակցելու է, ինչպես արեցին Արցախի դեպքում:
Որպեսզի հասկանանք, թե ինչ անպատասխանատու ու տխմար իշխանության հետ գործ ունենք, մի փոքրիկ դրվագ եմ ուզում հիշեցնել. 2023-ի նոյեմբերին Լարսը քաղաքական պատճառներով փակվել էր, վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող բույսը ստատուս էր գրել, թե` «Լարսի անցակետը փակվելը մեզ վրա չի ազդի, եթե մեր բիզնեսը նոր շուկաներ գտնի»:
Այս պոռոտախոսներին թվում է, թե շուկա բացելը կուկուռուզ եփել – ծախելու նման մի բան է: Սրանք անգամ չեն հետևում Վիճակագրական տվյալներին: Այս 3 տարում որևէ նոր շուկա գտե՞լ եք, որևէ նոր արտադրություն ստեղծվե՞լ է: Գոնե գիտե՞ք ինչքան է կրճատվել Հայաստանից արտահանումը դեպի այլ շուկաներ և ինչքան է մեծացել մեր կախումը ռուսական շուկայից:
Բայց ես համոզված եմ, որ եթե արտահանումը մի օր լրիվ դադարի, ռուսական շուկան էլ ամբողջությամբ փակվի, բիզնեսներ ոչնչանան, ՀՀ բյուջեն անգամներով կրճատվի, սրանց վեջը չի լինի, կասեն` ռուսներն են մեղավոր, մենք մեղք չունենք ու…կշարունակեն կրճատված բյուջեից ճոխ պարգևավճարներ ստանալ, իսկ մյուսները թող կոտորվեն…

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել