20/05/2026

EU – Armenia

Կրեմլի քարոզչությունը իրականում վերածվում է լրջագույն փորձության

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի Վաշինգտոն այցից հետո փորձագիտական շրջանակներում Հյուսիս-ատլանտյան դաշինքի «փլուզման հավանականությունը» ավելի լրջությամբ է քննարկվում:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան գրառում է կատարել, որտեղ կասկածել է Միացյալ Նահանգների նախագահի անկեղծությանը: Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը «այդ ապահարզանին համաձայնություն չի տա»:

ՌԻԱ Նովոստիի խմբագրականը, այդուհանդերձ, քննարկել է, թե ի՞նչ իրավիճակ կստեղծվի, եթե ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն: Հեղինակն, ընդսմին, օրինակ է բերել Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումը, երբ «ոչ ոք չէր հավատում, բայց դա տեղի ունեցավ»:

Նա գտնում է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ հեռացումը «կվերացնի Գերմանիայի ինքնիշխանության վերջին սահմանափակումը և հնարավորություն կտա, որ այդ երկիրը շատ արագ ռազմականանա»:

Երկրորդ, ընդ որում՝ Ռուսաստանի համար «բացարձակապես անցանկալի» հեռանկարը ռուսաստանցի քաղաքագետի հայացքով կլինի «մայրցամաքային Եվրոպայի միացյալ ռազմական ուժերի ստեղծումը»:

Այդ դեպքում Ռուսաստանը «կվերադառնա 1939թ. իրավիճակին և կկանգնի բալթյան-սևծովյան ճակատում ռազմական ուղղակի բախման սպառնալիքի առաջ»:

Այս վերլուծականից հասկացվում է, որ Ռուսաստանը խիստ անհանգստացած է ՆԱՏՕ-ի փլուզման հեռանկարից: Փաստացի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը սահմանափակել է եվրոպական երկրների պաշտպանական հնարավորությունների զարգացումը:

Եվրոպայից ԱՄՆ զինուժի հեռանալու դեպքում Վաշինգտոնը կկորցնի եվրոպական երկրների քաղաքական որոշումների նկատմամբ ազդեցությունը:

Որքան էլ ռուսաստանցի հեղինակը ձգտել է անտեսել Ուկրաինայի հավանական դերակատարությունը, փաստ է, որ այսօր Եվրոպայում ուկրաինական բանակը թվակազմով առաջինն է, պատերազմը հարկադրել է, որ Կիևը ձեռնամուխ լինի ԱԹՍ-երի, միջին և հեռահար հրթիռների սեփական արտադրությանը, իսկ բոլորովին վերջերս ուկրաինացի ռազմական մասնագետները մարտական փորձարկման են ներկայացրել հակաօդային պաշտպանության նոր համակարգ:

Ռազմա-տեխնոլոգիական այդ «թռիչքը» չէր կարող տեղի ունենալ առանց եվրոպական և ամերիկյան աջակցության: Ուկրաինան եվրոպական բոլոր առաջատար երկրների հետ անվտանգության և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանագրեր ունի:

Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցը սկզբունքորեն կորցրել է հրատապությունը, քանի որ փաստացի ինտեգրացիան կայացել է:

Եվրոպայի ռազմականացումը, անշուշտ, Ռուսաստանին լրջագույն մարտահրավեր է: Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ եվրոպական ռազմաքաղաքական դաշինքը «ՆԱՏՕ-ից ավելի վտանգավոր թշնամի» է: Եվրամիություն-Հայաստան համագործակցության նկատմամբ Կրեմլի բացահայտ թշնամական վերաբերմունիքի պատճառն, ըստ էության, դա է:

Կարևոր է նաև դիտարկել, որ Եվրամիությունը նաև Թուրքիայի հետ է քննարկում անվտանգային նոր համակարգի հարցը: Թուրքիան իր հերթին ձգտում է եվրոպական ռազմաարդյունաբերական համալիրի հետ ինտեգրացիայի:

Ստացվում է, որ ՆԱՏՕ-ի փլուզման համար ահռելի միջոցներ ծախսելով՝ Ռուսաստանը այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ Միացյալ Նահանգների որոշումից է կախված առաջիկա մի քանի տասնամյակների նրա ռազմա-քաղաքական ծրագրավորումը:

Այն, ինչ Կրեմլի քարոզչությունը տարիներ շարունակ ներկայացնում էր որպես բաղձալի հեռանկար, իրականում վերածվում է լրջագույն փորձության: