Մայիսի 9-ը հայ ժողովրդի հիշողության օրացույցում միշտ եղել է ոչ միայն հաղթանակի, այլև ցավի, արյան, կարոտի ու չմարող հպարտության օր։
Այդ օրը, երբ աշխարհը հիշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտն ու ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, հայի սիրտը առաջին հերթին գնում է դեպի իր պապերը՝ մոխրացած խրամատներ, ձյունապատ ճակատներ, կիսաքաղց զինվորական ճանապարհներ անցած այն հայորդիները, որոնք կռվեցին ոչ միայն աշխարհի, այլև սեփական գոյության համար։
Հայ ժողովուրդը այդ պատերազմում հաղթեց անասելի ծանր գնով։ Հարյուր հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, ու նրանցից շատերը երբեք չվերադարձան։ Նրանք մնացին օտար հողերում՝ անանուն բարձունքների տակ, լռած անտառներում, քարուքանդ քաղաքների փլատակներում։
Բայց նրանց արյան մեջ կար մի ազգի համառություն, որ ցեղասպանությունից ընդամենը մի քանի տասնամյակ հետո կրկին կանգնել էր գոյամարտի առաջ։ Նրանք /մենք/ գնում էին/ք/ պատերազմ՝ իրենց հետ տանելով մայրերի աղոթքները, սիրած աղջիկների լուսանկարները, գյուղերի հոտը, Արարատի պատկերը ․․․
Եվ հայ ժողովուրդը հաղթեց։ Հաղթեց ոչ միայն զենքով, այլև ոգով։ Այդ հաղթանակի մեջ կային հայ զինվորի խիզախությունը, հայ մոր համբերությունը, հայ ժողովրդի ապրելու կամքը։ Այդ պատճառով մայիսի 9-ը մեզ համար միշտ ավելին էր, քան պարզապես պատմական տարեթիվ։
Բայց հետո եկավ ևս մեկ պատերազմ։ Եվ հայ ժողովուրդը կրկին կանգնեց իր հողի ու արժանապատվության պաշտպանության առաջ։ Արցախյան առաջին պատերազմը դարձավ մեր նորագույն պատմության հերոսական էջերից մեկը։ Իսկ Շուշիի ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, դարձավ ազգային վերածննդի խորհրդանիշ։
1992 թվականի մայիսի 9-ին ազատագրված Շուշին միայն քաղաք չէր։ Այն մեր կոտրված ողնաշարի ուղղումն էր, մեր ազգային արժանապատվության վերադարձը, մեր հոգևոր բերդը։ Շուշին ազատագրող տղաները գնում էին գրեթե անհավասար մարտի՝ ուսերին կրելով ոչ միայն զենք, այլև մի ամբողջ ժողովրդի հույսը։ Նրանք լեռներ էին բարձրանում՝ մառախուղի, կրակի ու մահվան միջով, որովհետև գիտեին՝ եթե Շուշին չազատագրվի, Արցախը չի շնչի։
Այդ հաղթանակից հետո մայիսի 9-ը դարձավ Եռատոն՝ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակ, Շուշիի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի կազմավորում։ Այդ օրը մեր տներում բաժակներ էին բարձրացվում ոչ միայն անցյալի, այլև ներկայի հաղթանակների համար։ Թվում էր՝ պատմությունը վերջապես մի փոքր ժպտացել է հայ ժողովրդին։
Բայց այսօր … Այսօր մայիսի 9-ը գալիս է այլ խորհրդով։
Հայ մարդու սրտից արյուն է կաթում, որովհետև հաղթանակների լուսավոր հիշողությունների կողքին կանգնել է կորստի խավարը։ Շուշին, որ տարիներ շարունակ մեր հաղթանակի սուրբ խորհրդանիշն էր, այսօր վերածվել է ցավոտ կարոտի։ Այն փողոցները, որոնց վրա մի ժամանակ ծածանվում էր հաղթանակի դրոշը, այսօր ապրում են մեր հիշողության մեջ՝ ինչպես հեռացած հարազատի դեմք։
Եվ որքան էլ տարիները անցնեն, հայը երբեք չի մոռանա այն տղաներին, որոնք հաղթեցին Շուշին, ինչպես չի մոռանա նրանց, ովքեր ընկան արդեն մեր օրերում։ Նրանք բոլորը նույն պատմության զավակներն են։ Նույն հողի, նույն ցավի, նույն հավատի։
Մայիսի 9-ը այսօր դարձել է մի օր, որտեղ հաղթանակն ու ողբերգությունը ձեռք ձեռքի տված քայլում են իրար կողքի։ Մի կողմում մեր պապերի մեդալներն են, մյուս կողմում՝ դեռ չչորացած արցունքները։ Մի կողմում հաղթական երգերն են, մյուս կողմում՝ դատարկված հայրենիքի կարոտը։
Բայց նույնիսկ այս ցավի մեջ հայ ժողովուրդը շարունակում է ապրել։ Որովհետև պատմությունը մեզ բազմիցս կոտրել է, բայց չի կարողացել ծնկի բերել։ Մենք կորցրել ենք քաղաքներ, բայց չենք կորցրել հիշողությունը։ Մենք ունեցել ենք պարտություններ, բայց չենք կորցրել արժանապատվությունը։
Եվ այսօր, երբ հիշում ենք մեր պապերին, Շուշին ազատագրած հերոսներին ու բոլոր ընկած տղաներին, նրանց հիշատակի առաջ գլուխ ենք խոնարհում ոչ միայն վշտով, այլև խոստումով՝ ապրել, հիշել, պահպանել մեր պատմությունը։
Քանի դեռ հայը հիշում է իր հաղթանակներն ու իր վերքերը, նա դեռ կենդանի է։

Բաց մի թողեք
Մակրոնի դաշնակիցները հերքում են, որ Բրիժիտը Ֆրանսիայի նախագահին ապտակել է իրանցի դերասանուհու հետ հաղորդագրությունների համար
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք. Տեսանյութ