14/05/2026

EU – Armenia

Հայաստանի և Եվրամիության հասցեին «կեղտաջրերի տակառներ են դատարկվել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին բողոքի նոտա է հղել։ Պատճառը, ինչպես հասկացվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից, Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Ռուսաստանի դեմ «ահաբեկչական հայտարարությունների հարթակ տրամադրելն» է։

Այդ առթիվ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավելյալ մեկնաբանել է, որ Հայաստանը «չի կատարել Ռուսաստանի դեմ չգործելու խոստումը»։

Ավելի վաղ, Գաբալայում Իլհամ Ալիև-Վլադիմիր Զելենսկի փակ բանակցություններից երկու օր հետո Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինի մոտ է հրավիրել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը, բայց ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է այնպես, որ «տեղի է ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում»։

Եթե Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտրարշավի նկատմամբ Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի վերաբերմունքը բարեկամական լիներ, ապա Սերգեյ Լավրովի «կոնտորան» կբավարարվեր Գալուզին- Արսենյան առանձնազրույցի մասին մեկ-երկու տողանոց հաղորդագրությամբ։

Մինչդեռ «բողոքի նոտային» նախորդել է, ըստ երևույթին հատկապես այդ առիթով կարմիր հագած, Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում նա նախապես կազմված «ծածկաթերթիկից» Հայաստանի և Եվրամիության, Ֆրանսիայի հասցեին, ինչպես իրենք՝ ռուսներն են ասում, «կեղտաջրերի տակառներ է դատարկել»։

Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսակետ է շրջանառվել, որ ՌԴ ԱԳՆ բողոքը իրականում «Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին աջակցություն» է։ Կարելի՞ է արձանագրել, որ «Փաշինյանի վերընտրության դեպքում Ռուսաստանը մեզ կխեղդի» մանտրան չի աշխատում, և ընդդիմությունը Պուտինից դժգոհում է, որ իրեն «մենակ» է թողել։

Ռուսաստանը, չնայած պետական քարոզչության «բարձր նոտաներին», խոր մեկուսացման և ներքին լարվածության մեջ է։ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում սպառել է ագրեսիայի «թույլատրելի» բոլոր պաշարները, ԱՊՀ «արտաքին սահմանները» այլևս Ռուսաստանի համար «ռազմավարական խորություն» չեն։

Բայց այն վերականգնելու համար Պուտինը հետխորհրդային տարածքի, մասնավորապես Հարավային Կովկասի երկրներին նոր ինտեգրացիայի առաջարկություն չունի։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն որոշվել է 1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագրով։

Դա նշանակում է, որ տարածաշրջանի նկատմամբ «իրավունքի» հարցում Ռուսաստանը և Թուրքիան «հավասար բաժնետեր» են, իսկ դրանից հետևում է, որ «առանձին վերցրած Հայաստան», որի հետ Ռուսաստանը ռազմավարական դաշինք «կկնքի», միջազգային քաղաքականության առումով գոյություն չունի։ Իսկ Հայաստանի ընդդիմությունը հակառակն է քարոզում։

Երևանում ԵՄ – Հայաստան գագաթաժողովից երեք օր հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Financial Times-ին հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը «պետք է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սկզբունքներ մշակի և կոնսենսուսով որոշի, թե իր անունից Ռուսաստանի նախագահի հետ ով է բանակցելու»։

Մոսկվայի գերխնդիրը Ուկրաինան «հպատակեցնելու» ծրագրին Բրյուսելի դիմադրությունն է։