Իրանը երկօրյա ուշացումով Պակիստանի միջոցով պատասխանել է ամերիկյան առաջարկություններին։ Մանրամասնություններ դեռեւս հայտնի չեն։ IRNA -ն հայտնել է, որ Իրանը «առաջարկում է ներկա փուլում կենտրոնանալ տարածաշրջանում պատերազմն ավարտելու վրա»։
Al Jazera-ի տեղեկացվածությամբ՝ Իսլամական հանրապետությունը պնդում է, որ «Լիբանանում ևս զինադադար հաստատվի և հանվի իր նավահանգիստների շրջափակումը»։
Ամերիկյան կողմի գլխավոր պահանջները երկուսն են՝ հրաժարվել միջուկային ծրագրից և բացել Հորմուզի նեղուցը։ Իրանը փաստացի մերժել է կարգավորման ամերիկյան նախագիծը, և Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ «պատերազմը շարունակվում» է։ Պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև Ուկրաինայում։
Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը լրագրողներին ասել է, որ եթե Զելենսկին Պուտինի հետ հանդիպում է ցանկանում, ապա «կարող է զանգել և պայմանավորվել»։
Նա չի բացառել Պուտին-Զելենսկի երրորդ երկրում հանդիպումը, բայց պարզաբանել է, որ այդ դեպքում ամեն ինչ նախապես պետք է համաձայնեցված լինի։ Զելենսկուն Մոսկվա «հրավիրել»՝ նշանակում է առաջարկել, որ նա ստորագրի կապիտուլյացիա։ Երրորդ երկրում հանդիպումը պայմանավորել «նախնական համաձայնությամբ», նույնն է։
Ակնհայտ է, որ Իրանի դեմ և ռուս-ուկրաինական պատերազմը, մեղմ ասած, Հարավային Կովկասը «չի շրջանցում»։ Մայիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Ջեբրայիլ, որտեղ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ։ «Մենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրան ինքնիշխանությունից զրկելու նպատակ չենք ունեցել»,- ասել է նա։
Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելությանը և թույլ տվել կոպիտ հասցեագրում, որ եթե Ադրբեջանը «մի կրակոց արձակեր, ապա նրանք կփախչեին»։ Նա եվրոպացիներին հորդորել է «Հայաստանը չպաշտպանել Ադրբեջանից», քանի որ «իրենք հասել են նրան, ինչ ցանկանում» էին։
Մայիսի 5-ին Ալիևը ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Կալասի հետ բանակցություններ է վարել։ Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղաբաշխվել են Եվրահանձնաժողովի որոշմամբ։ Կարելի է ենթադրել, որ նա Կալասին առաջարկել է դադարեցնել առաքելությունը, բայց դրական արձագանք չի ստացել։
«Եթե մենք կրակեինք, դիտորդները կփախչեին» ասվածը կարելի՞ է հասկանալ նաև այն իմաստով, որ «եթե մենք կրակենք, դիտորդները կփախչեն»։ Հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդների ներկայությանը բազմիցս դեմ է արտահայտվել նաև Ռուսաստանը։
Ապրիլի վերջին Ալիևը Գաբալայում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ փակ բանակցություններ է վարել։ Երկու օր հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ։
Նրան ընդունել է փոխարտգործնախարար Գալուզինը։ Մոսկվան, սակայն, «պարզաբանումներ է ակնկալում» Երևանից՝ կապված Ուկրաինայի նախագահի մի հայտարարության հետ, ինչի համար Հայաստանը որևէ պատասխանատվություն չի կրում։ Մոսկվան Ալիևից «ի՞նչ է սպասում»։
Նա պատահաբա՞ր է «եվրադիտորդների ուղղությամբ կրակելու» մասին խոսել Ջաբրայիլում, որ գտնվում է հայ-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմանին։ Նիկոլ Փաշինյանը պատահակա՞ն է քարոզարշավը Սյունիքից սկսել։

Բաց մի թողեք
Պուտին – Թրամփ դիվանագիտական «խաղում» ո՞ւմ նյարդերն են առաջինը տեղի տալու
Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման կմեկնի առանց «իրանական հաղթաթղթի»
«Սև գործի պատասխանատվությունը» մոսադը իր վրա է վերցրել