Մայիսի 13 -ին մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան։ Այն կտևի մինչև մայիսի 15-ը։
Հիմնական բանակցությունները կկայանան մայիսի 14-ին։ Պեկին ուղեւորվելուց առաջ Միացյալ Նահանգների նախագահը անոնսավորել է, որ Չինաստանի առաջնորդի հետ կքննարկի առևտրային հարաբերությունների և Թայվանի, ինչպես նաև «հոյակապ երկիր Իրանի հետ կապված հարցեր»։
Սպիտակ տան ակնկալիքները, որ Թեհրանը կընդունի «գործարքի» ամերիկյան պայմանները, և Թրամփը Սի Ծինփինին կներկայանա որպես «հաղթած առաջնորդ», չեն արդարացել։ Ու թեև վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացիների ավելի քան վաթսուն տոկոսը դեմ է պատերազմին, CNN հեռուստաընկերությունը, հղելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը «գնալով ավելի է հակվում մարտական գործողությունները վերսկսելու անհրաժեշտությանը»։
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» փորձել է ի մի բերել Սի Ծինփին-Թրամփ բանակցությունների շուրջ ամերիկյան փորձագետների կանխատեսումները։ Ամենատարբեր գնահատականներից աչքի զարնում երկուսը։
Առաջինը ենթադրում է, որ Չինաստանի առաջնորդը «կարող է Իրանի նկատմամբ ազդեցություն գործել, եթե ԱՄՆ նախագահը խոստանա չճանաչել Թայվանի անկախությունը և սահմանափակի Թայբեյի իշխանություններին սպառազինությունների վաճառքը»։
Երկրորդ կանխատեսումը վերաբերում է Հորմուզի նեղուցի արգելափակման հետեւանքով Չինաստանի տնտեսության կրած վնասներին, ինչը, փորձագետների կարծիքով, Սի Ծինփինին «առարկայորեն պետք է մղի Միացյալ Նահանգների հետ համագործակցության, բայց միայն՝ քաղաքական մակարդակում»։
Ի՞նչ կտան Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ բանակցությունները, պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին։ Ուշագրավ է, որ Թրամփի Պեկին ուղևորվելուն զուգահեռ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինի Պեկին այցի «նախապատրաստությունը մոտենում է ավարտին»։
Չինաստան մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում նրան ուղղվել է նաև Ռուսաստան այցի մասին հարց։ Դա «հնարավոր» է,- հակիրճ պատասխանել է Թրամփը։
Անցյալ տարվա օգոստոսին Ալյասկայում կայացել է Թրամփ-Պուտին գագաթաժողով, որի ընթացքում հաջորդ հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը դա «հնարավոր» է ասելով նկատի ունեցել այս տարի Ռուսաստան իր այցը։
Արդյոք հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ-Սի Ծինփին-Պուտին համաձայնությամբ»։

Բաց մի թողեք
Հայտնի է, թե երբ տեղի կունանա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հուղարկավորությունը
Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը մոտենում է, Հորմուզի նեղուցի մոտ նոր ռազմական գործողություններ են բռնկվում. Reuters
Զելենսկիի հերթական օրենքն՝ ընդդեմ ռուսաց լեզվի