31/05/2026

EU – Armenia

Գործող իշխանության կայացնելիք որոշումը՝ Պուտինը գործում է հօգուտ Փաշինյանի

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվա է «կանչվել՝ Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վնասող՝ հայկական ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդատվությունների համար»։

Այդ մասին, ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը տարածել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Դիվանագիտական պրակտիկայում «խորհրդատվությունների համար դեսպանի կանչը» համարվում է պետության կողմից մյուսի «գործողությունների հանդեպ ծայրահեղ դժգոհության արտահայտություն, երկկողմ հարաբերությունների սրացում կամ արտաքին քաղաքական ուղեգծի լուրջ փոփոխության նախապատրաստում»։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խորհրդատվությունների համար Մոսկվա է հրավիրվել ԵԱՏՄ Աստանայի գագաթաժողովից անմիջապես հետո։ Եվրամիությանը անդամկցելու Հայաստանի «մտադրությունների հետ կապված հարցը» ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են փակ ռեժիմում։

Ըստ Կրեմլի տարածած տեղեկության, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները Հայաստանին կոչ են արել հնարավորինս կարճ ժամկետներում ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցով հանրաքվե անցկացնել։

«Համատեղ հայտարարությամբ» նաև ասված է, որ չորս երկրները ԵԱՏՄ տարեվերջի գագաթաժողովում պետք է ներկայացնեն Միությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված տնտեսական հետեւանքների մասին դիտարկումները։

Դեսպանին «խորհրդատվությունների համար» Մոսկվա հետկանչը վկայում է, որ Աստանայում Վլադիմիր Պուտինը ցանկալին չի հասել։ Տպավորություն է, որ նա ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդներին հորդորել է իր օրինակով Հայաստանի նկատմամբ առևտրա-տնտեսական սահմանափակումներ կիրառել, բայց փոխըմբռնման չի հասել, ուստի անցել է միակողմանի ճնշումները ֆորմալացնելու քայլերի։

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանում դեսպանի հետկանչը պայմանավորել է ոչ թե երկկողմ հարաբերություններով, այլ «Եվրամիությանը մերձենալու ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վնասող՝ հայկական ղեկավարության քայլերով»։

Խնդիր է, թե արդյոք ԵԱՏՄ անդամ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը կհետևե՞ն Ռուսաստանի օրինակին։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի դեսպանի Մոսկվա հետկանչի առթիվ Հայաստանի ընդդիմադիր ուժերից արձագանք դեռևս չկա։ Փոխարենը նրանց հարող փորձագիտական շրջանակներից տեսակետ է հնչել, որ Պուտինի կոշտ հռետորաբանությունը «նպաստում» է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։

Կարելի է ենթադրել, որ ռուսամետ քաղաքական գործիչները չեն պատկերացրել, որ Պուտինը այդքան հեռու կգնա և փաստացի իրենց ևս կկանգնեցնի Հայաստանի ապագայի համար կոնկրետ պատասխանատվության «կարմիր գծի վրա», ուստի փորձում են իրավիճակը «ջրիկացնել», իբր Մոսկվայի «զայրույթը ցուցադրական է և նպաստում է Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ավելի կոնսոլիդացմանը»։

Դեսպանի հետկանչը, մինչդեռ, լրջագույն ազդակ է, որի հասցեատեր է նաև ընդդիմությունը։ Ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը։ Ինչպե՞ս կարձագանքեն նրանք Պուտինի վերջնագրին, դրանից շատ բան է կախված, իսկ առաջին հերթին՝ գործող իշխանության կայացնելիք որոշումը։

Իրականում, եթե անկեղծ լինենք, ապա տպավորություն է, որ Ռուսաստանն՝ ի դեմս Պուտինի ու Հայաստանն՝ ի դեմս Փաշինյանի, կարծես պայմանավորված են գործում։ Իրականում Պուտինն ամեն բան անում է, որպեսզի Հայաստանում իշխանության մնա ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։