Հայաստանի ընդդիմությունը շուրջ վեց տարի է, պնդում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2019թ․ օգոստոսի 5 -ին Ստեփանակերտում չհայտարարեր «Արցախը Հայաստան է և վերջ», ապա «պատերազմ չէր լինի»։
Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե Փաշինյանի այդ հայտարարությանը ինչ իրադարձություններ են հաջորդել։ Նույն տարվա հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի հերթական քննարկումներին ելույթ ունենալու պատրվակով Իլհամ Ալիևին հրավիրել է Սոչի։
Նույն օրը կայացել է նրանց փակ հանդիպումը, որից հետո Իլհամ Ալիևը, պատասխանելով Փաշինյանի Ստեփանակերտում արված հայտարարության մասին հարցին, հայտարարել է․ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչության նշան»։ Այսպիսով, Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին պատասխանել է գրեթե երկամսյա պաուզայից և Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո։
Մեկ շաբաթ հետո Աշխաբադում գումարվել է ԱՊՀ հերթական գագաթաժողովը, որի լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անսպասելի բարձրացնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ին ընդառաջ ԱՊՀ տարածքում, մասնավորապես Հայաստանում «նացիստների և ֆաշիստական գործիչների հերոսացման» թեման և վկայակոչել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը։
Ալիևը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի «այդ քայլի կապակցությամբ բազմիցս իրենց բողոքն են հայտնել» և մասնավորեցրել, որ «այդ փաստը տեղ է գտել ՌԴ արտաքին գործերի նախարարության «Զեկույցում»»։ Այդ հղումը փաստացի վկայություն է, որ Ալիևը հնչեցրել է ոչ միայն իր, այլև Ռուսաստանի նախագահ Պուտինի «մտահոգությունը»։
Նիստին ներկա Նիկոլ Փաշինյանը հարկադրված է եղել հակադարձել Ալիևին և հայտարարել․ «Տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը այնքան երկրորդական դերակատարություն է ունեցել, որ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն է եղել։
Իսկ ճշմարտությունը այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացիայի դեմ, պայքարել է հայերի ցեղասպանության դեմ, որ կազմակերպել են երիտթուրքերը»։
Ավելի կոշտ գնահատական Փաշինյանը հնչեցրել է Նժդեհի ձերբակալության և Վլադիմիրի բանտում մահվան փաստի շահարկման կապակցությամբ․ «Բազմաթիվ խորհրդային գործիչներ նույնպես բանտերում են մահացել, Սոլժենիցինը ԳՈՒԼԱԳ է անցել։
Մի՞թե մենք 1937-1950-ական թվականների բոլոր դատապարտվածներին ժողովրդի թշնամի ենք համարում»։ Այդ գնահատականի հասցեատերը Իլհամ Ալիևը չէր։ Ահա այդպես է դրսևորվել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական-քաղաքակրթական խզումը, ինչպես նաև՝ ռուս-թուրք-ադրբեջանական սիներգիան։
Ընդ որում, դա Փաշինյանի և «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության հետ կապ չունի։ Գարեգին Նժդեհի արձանը Երևանում բացվել է 2016թ․ մայիսի 28 -ին։ Չորս օր հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ այդ առթիվ «բազմաթիվ հարցեր է ստացել» և «զարմանք հայտնել», թե Հայաստանում ինչո՞ւ են մոռացել Հայրենական մեծ պատերազմի հայազգի հերոսներին։
Իսկ թե ինչո՞ւ Երևանում Նժդեհի արձանը բացվել է քառօրյա մարտական գործողություններից հետո, ամենևին էլ հռետորական հարց չէ։

Բաց մի թողեք
Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա
Այն հայերը, որոնք ընտրեցին ՔՊ-ին, մտածելով, որ մերժում են ռուսական ազդեցությունը, ընտրեցին ․․․
Մանդատների հետ կապված դեռ վերջնական որոշում չունենք