13/08/2026

EU – Armenia

Գառնիկ Դանիելյանը նոր կարգավիճակ ունի

Այս տարվա մարտ ամսին ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, ինչպես նաև ՀՅԴ ԳՄ անդամ, ընտրվեց Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։

Նրա թեկնածությունը ներկայացրել էին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի կարգավիճակը, ըստ օրենքի, պահանջում է կուսակցական և քաղաքական գործունեությամբ չզբաղվել, ուստի նշանակումից հետո նա պարբերաբար նշում է, որ անգամ տնտեսական թեմաներով հարցազրույցներ տալ այլևս չի կարող, քանի որ օրենքն արգելում է իրեն:

Բնականաբար, նա նաեւ սառեցրել է իր անդամությունը ՀՅԴ-ին եւ դուրս է եկել ՀՅԴ Երեւանի ղեկավար կառույցի` ԳՄ-ի կազմից:

Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը օրեր առաջ դարձել է ՀՅԴ ԳՄ անդամ` Թադևոս Ավետիսյանի փոխարեն: Մեզ ասացին, որ «կոոպտացիա» են արել` այսինքն, առանց ժողովի որոշման ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ խորհրդարան չանցած նախկին պատգամավորն ընդգրկվել է ԳՄ կազմում: Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը, նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել այդ մասին: