02/09/2026

EU – Armenia

«Ո՞վ էլ լիներ՝ նույնն էր անելու»

Կոռումպացված պետության ամենամեծ կորուստը գողացված փողը չէ։ Փողը երբեմն հնարավոր է վերադարձնել։ Գույքը՝ բռնագանձել։ Ապօրինի գործարքը՝ չեղարկել։ Շատ ավելի դժվար է վերադարձնել հասարակության կորցրած պատկերացումը, թե ինչ է պետական պաշտոնը։

Հայաստանում տասնամյակներ շարունակ պաշտոնը ոչ այնքան հանրային ծառայություն էր, որքան սոցիալական վերելակի առանձնահատուկ տեսակ։ Մարդը մտնում էր պետական համակարգ համեստ աշխատավարձով և մի քանի տարի անց կարող էր հայտնվել ունեցվածքի, բիզնեսների ու կենսակերպի այնպիսի մակարդակում, որը նրա օրինական եկամուտներով բացատրել հնարավոր չէր։

Եվ հասարակությունը սովորեց չզարմանալ։ Սա է խնդրի ամենածանր մասը։ Կոռուպցիան հաղթում է ոչ այն ժամանակ, երբ պաշտոնյան կաշառք է վերցնում։ Այն վերջնականապես հաղթում է այն ժամանակ, երբ քաղաքացին այլևս չի հարցնում՝ որտեղի՞ց այդ փողը։

Հայաստանում այդ ճանապարհը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին։ Խորհրդային տնտեսությունում պաշտոնը հաճախ ոչ միայն իշխանության, այլև դժվար հասանելի ապրանքների բաշխման իրավունք էր։ Մեկը բնակարան էր հատկացնում, մյուսը՝ մեքենա, երրորդը որոշում էր աշխատանքի, կրթության կամ առևտրի հասանելիությունը։ Պաշտոնը սեփականություն չէր, բայց սեփականության նման եկամուտ էր արտադրում։

Անկախությունը ժառանգեց ոչ միայն խորհրդային գործարանները, շենքերն ու բյուրոկրատիան։ Այն ժառանգեց նաև այս մշակույթը։ 1990-ականների ծանր անցումից հետո, իսկ հատկապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, համակարգը դարձավ ավելի կազմակերպված։ Պետական իշխանությունը, քաղաքական ազդեցությունը և խոշոր սեփականությունը չափազանց հաճախ հայտնվեցին նույն շրջանակներում։ Բիզնեսը քաղաքական պաշտպանության կարիք ուներ, քաղաքական իշխանությունը՝ տնտեսական հենարանի։ Պաշտոնը դարձավ կապիտալի աղբյուր, կապիտալը՝ իշխանության ապահովագրություն։

Սա հետխորհրդային տարածքի դասական քաղաքական տնտեսությունն էր։ Ռուսաստանից մինչև Կենտրոնական Ասիայի բազմաթիվ երկրներ ձևավորվեց նույն մոդելը՝ սեփականության իրավունքը հաճախ կախված էր իշխանության հետ հարաբերությունից, իսկ իշխանությունը նյութականացվում էր սեփականության մեջ։

Հայաստանը բացառություն չէր։ Բայց յուրաքանչյուր այդպիսի համակարգ մի օր ստեղծում է ավելի վտանգավոր բան, քան օլիգարխիան։ Այն ստեղծում է օլիգարխիկ հասարակական գիտակցություն։ «Ո՞վ էլ լիներ՝ նույնն էր անելու»։

Հայկական հանրային խոսույթում քիչ նախադասություններ են այնքան ավերիչ եղել, որքան սա։ Առաջին հայացքից այս ասացվածքն ընդամենը ցինիզմ է։ Այն ասում է, որ ազնիվ պետական ծառայություն գոյություն չունի, որ պաշտոնն ինքնին հարստանալու հնարավորություն է, իսկ հանրային և մասնավոր շահերի սահմանը պարզապես միամիտ մարդկանց հորինած պայմանականություն է։

Այս մտածողության մեջ խնդիրը ոչ թե պաշտոնյայի հարստանալն է, այլ այն, որ «մերոնք» չեն հարստանում։ Այստեղից մինչև պետության մասնավորեցումը մեկ քայլ է։ Պատմության մեջ կայուն պետությունները կառուցվել են ճիշտ հակառակ սկզբունքի վրա։ Ժամանակակից բյուրոկրատական պետության ծնունդը մեծ հաշվով սկսվեց այն պահից, երբ պետական պաշտոնը դադարեց պաշտոնյայի սեփականությունը լինելուց։

Եվրոպայում դարեր շարունակ պետական պաշտոնները վաճառվում էին, ժառանգվում և օգտագործվում եկամուտ ստանալու համար։ Ֆրանսիական միապետությունում նույնիսկ պետական պաշտոն գնելը կարող էր ներդրում լինել։ Բայց ժամանակակից պետությունը հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ պաշտոնը բաժանվեց սեփականությունից, իսկ պետական գանձարանը՝ իշխողի գրպանից։

Մաքս Վեբերի նկարագրած ռացիոնալ բյուրոկրատիայի հիմքում հենց այդ հեղափոխությունն էր. պաշտոնյան կառավարում է պետության միջոցները, բայց դրանք իրենը չեն։ Պարզ սկզբունք է։ Եվ ահռելի քաղաքակրթական ձեռքբերում։ Այդ սահմանը Հայաստանում երկար ժամանակ մշուշոտ էր։ Նախարարի, մարզպետի, քաղաքապետի կամ բարձրաստիճան պաշտոնյայի հարստությունը հաճախ ընկալվում էր գրեթե որպես պաշտոնի բնական հավելված։

Այստեղ նույնիսկ ճաշակն էր քաղաքական։ Հսկայական առանձնատները, պարիսպները, շքեղ մեքենաները, ցուցադրական խնջույքները, կեղծ արիստոկրատիզմը պետական համակարգի շուրջ ձևավորված սոցիալական մշակույթի արտաքին նշաններն էին։

Նոր հարստությունը փորձում էր ներկայանալ որպես էլիտա։ Բայց էլիտան միայն փող ունեցող խավը չէ։ Իրական էլիտան հասարակությանը վարքագծի չափանիշ է առաջարկում՝ կրթություն, պատասխանատվություն, զսպվածություն, ծառայության գիտակցություն։ Երբ իշխանության շնորհիվ հարստացած մարդն է դառնում հաջողության չափանիշ, հասարակությունը ստանում է ոչ թե էլիտա, այլ արտոնյալ դաս։

Եվ այդ դասը վերարտադրում է իրեն։ Ահա թե ինչու ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը կամ նախկին պաշտոնյաների հարստության քննությունը միայն քրեական արդարադատության հարց չէ։ Եթե իրականացվում է օրենքով, պատշաճ դատավարությամբ և ապացույցներով, այն կարող է ունենալ շատ ավելի մեծ նշանակություն։

Այն կարող է վերականգնել խախտված սահմանը պաշտոնի և սեփականության միջև։ Բայց այստեղ կա նաև վտանգ։ Եթե ապօրինի հարստության դեմ պայքարը վերածվի միայն նախկինների ունեցվածքի վերաբաշխման, իսկ նոր իշխանական դասի նկատմամբ նույն չափանիշները չգործեն, ոչինչ չի փոխվի։

Կփոխվեն սեփականատերերը։ Համակարգը կմնա։ Ինստիտուցիոնալ պետությունը սկսվում է այն պահին, երբ հարցը՝ «որտեղի՞ց այդ ունեցվածքը», հավասարապես տրվում է նախկին նախագահին, գործող նախարարին, ընդդիմադիր գործչին և իշխանության մերձավորին։

Առանց բացառությունների։ Որովհետև օրենքի ընտրողական կիրառումը կոռուպցիայի հակառակը չէ։ Այն պարզապես իշխանության մեկ այլ տեխնոլոգիա է։ Հայաստանի խնդիրը, հետևաբար, միայն անցյալի հարստությունները հետ բերելը չէ։

Ավելի մեծ խնդիր կա՝ փոխել հաջողության հասարակական սահմանումը։ Պետական պաշտոնը չպետք է լինի արագ հարստացման ճանապարհ։ Պաշտոնյայի շքեղությունը չպետք է հիացմունք առաջացնի։ Իսկ անբացատրելի հարստությունը պետք է առաջացնի ոչ թե «ճարպիկ մարդու» մասին հարգալից ժպիտ, այլ շատ հասարակ հանրային հարց։

Որտեղի՞ց։ Հենց այդ մեկ բառից է սկսվում հանրապետությունը։ Որովհետև պետության գանձարանը դատարկում են կոռումպացված պաշտոնյաները։ Բայց պետության գաղափարը դատարկվում է այն հասարակությունում, որտեղ դա այլևս ոչ մեկին չի զարմացնում։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ միայն ապօրինի գույքի վերադարձ։ Անհրաժեշտ է շատ ավելի դժվար վերադարձ՝ պետական պաշտոնի վերադարձը պետությանը։ Այն օրը, երբ նախարար դառնալը հասարակության գիտակցության մեջ այլևս չի նշանակի միլիոնատեր դառնալու հնարավորություն, Հայաստանը հաղթահարած կլինի հետխորհրդային անցման իր ամենադժվար փուլերից մեկը։ Մնացածը հաշվապահություն է։