22/09/2026

EU – Armenia

«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենում դեռ անորոշություն է

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է Ադրբեջանի Սադարակի շրջանի Քարքի գյուղում բնակվող հայերի հնարավոր տեղափոխման հարցը։ Քարքին Հայաստանի կողմից փաստացի վերահսկվող և Տիգրանաշեն անվանումով հայտնի բնակավայրն է։

Ադրբեջանական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Քարքիում բնակվող հայ բնակչությանը մեկ այլ տարածք տեղափոխելու երեք տարբերակ։

Ըստ հրապարակման՝ առաջին տարբերակով նախատեսվում է արդեն գոյություն ունեցող բնակավայրերի անվանափոխություն և Քարքիից տեղափոխվող բնակիչների բնակեցում այդ տարածքներում։ Երկրորդ տարբերակով՝ հնարավոր կլինի կարճ ժամանակում կառուցել մի քանի տասնյակ տուն և այնտեղ տեղափոխել բնակիչներին։ Երրորդ տարբերակով նախատեսվում է Քարքիի բնակիչներին փոխհատուցում տրամադրել, որից հետո նրանք իրենք կորոշեն, թե որտեղ են ցանկանում բնակվել։

MediaHub-ը զրուցել է Տիգրանաշենի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով։ Վերջինս նշել է, որ նման որևէ քննարկման մասին իրենց հայտնի չէ։ «Այդ տարբերակներից որևէ մեկը մեզ հետ չի քննարկվել, ընդհանրապես գյուղացիներին ոչ մի տարբերակ չի առաջարկվել, մենք մեր տներում ենք»,-ասել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ Տիգրանաշենի բնակիչներն այս պահին զբաղված են բերքահավաքով, շարունակում են զբաղվել անասնապահությամբ և պատրաստվում են ձմռանը։

Ստեփանյանի փոխանցմամբ՝ բնակիչներին գյուղը լքելու կամ տեղափոխվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցվել։
«Թե երբ են գյուղացիներին հայտնելու գյուղը լքելու մասին, ինչպես դա նշում են Ադրբեջանի լրատվամիջոցները, ոչ մի տիգրանաշենցու հայտնի չէ»,- ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցը նաև գրում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանը կանցնի Ադրբեջանի Սադարակի շրջանին պատկանող Քարքի գյուղի երկայնքով։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարություններում բնակավայրին դիմում է ադրբեջանական «Քարքի» անվամբ և այն ներկայացնում որպես Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս գտնվող տարածք։