23/09/2026

EU – Armenia

Պենտագոնը 2024 թ․ շեշտակի ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը

2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը, իսկ ընդհանուր առմամբ 2002 թվականից ի վեր հատկացվել է ավելի քան 60 միլիոն դոլար: 

Անցած շաբաթ Պենտագոնի փոխղեկավարի օգնական Էնդրյու Լումիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին:

«Հայաստանին ամերիկյան ռազմական օգնությունը Foreign Military Financing (FMF) ծրագրով սկսվել է դեռևս 2002 թվականից։ Ընդհանուր առմամբ, մինչև 2024 ֆինանսական տարին Հայաստանի համար ամերիկյան ռազմական ֆինանսավորման համախառը ծավալը գերազանցել է 60 միլիոն դոլարը», – ասվում է հրապարակման մեջ։

Պենտագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորումը զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում։ Այն ժամանակ ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 8,1 միլիոն դոլար է տրամադրել։ 2023-ին այդ գումարը կազմել է ընդամենը մոտ 16 հազար դոլար, իսկ 2022-ին՝ մոտ 1,3 միլիոն։ 2025 թվականի տեղեկությունները դեռ չեն հրապարակվել։

Հայաստանը 2023-2024 թվականների ընթացքում ստացել է մոտ 18 միլիոն դոլար։ 2025 թվականի հունվարին Պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ այդ գումարն ուղղվել է FMF-ի շրջանակներում մի շարք նախագծերի, այդ թվում՝ զինծառայողների պատրաստման ազգային ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Այս ծանուցումից մեկ ամիս առաջ Պենտագոնի ղեկավարը հայտնել էր, որ համապատասխան նպատակների համար միջոցները հատկացվել են նախորդ երկու տարիների ընթացքում: