«Չեմ կարծում, որ պետք է Թուրքիայի սահմանի բացումը և 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից դուրս գալը կապել մեկը մյուսի հետ. դա քաղաքական որոշում է, քննարկման թեմա է, որը բացել է ռուսական կողմը։ Հայկական կողմն ասել է՝ այդ քննարկմանը պատրաստ է ցանկացած ելքով»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումն ինքնաբերաբար չի՞ նշանակում 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից:
«Չգիտեմ՝ արդյոք եթե դա տեղի չունենար, այդ ռազմաբազայի այստեղ լինելը ՀՀ անվտանգության համար անհրաժե՞շտ էր, թե՞ անհրաժեշտ չէր: Կա կարծիք, որ ընդհակառակը՝ վտանգ է: Այդպիսի գործիչներ էլ ունենք»,- ասել է նա:
Լրագրողը հայտնել է, թե ռուսական ռազմաբազայի տեղակայման հիմքը Հայաստան-Թուրքիա սահմանի գործոնն է․ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը: 2026 թվականն է: Ես այսօր որևէ վտանգ և, կարելի է ասել, օգոստոսի 8-ից սկսած՝ ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում և չեմ ուզում կապել ռազմաբազայի գործոնը Թուրքիայի հետ»։
ԱԽ քարտուղարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ նման հարց հայկական կողմը չի քննարկել, և որ ռազմաբազայի թեման օրակարգ է բերել ռուսական կողմը։
«Օգոստոսի 8-ից հետո սպառնալիքի գոյությունը, իմ գնահատմամբ, զրո է, որովհետև բազայի գոյության պարագայում, ռուսական խաղաղապահների գոյության պարագայում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, և ինչ արեց բազան, երբ ռուսական ուղղաթիռը խփվեց»,- ասել է նա:
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է իշխանության դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ այս պահին բոլոր երկրների հետ կան քննարկումներ:
«Համ բոլոր երկրներից գազ ենք առնելու, համ ատոմակայանն ենք ուժեղացնելու, համ արևային համակարգն ենք ուժեղացնելու, համ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ, վերջնական խաղաղություն, տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում դեմարկացիան և դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու:
Ամեն ինչ շատ լավ է, որովհետև ՀՀ-ն այլևս խաղաղ է և ունի ժողովրդավար կառավարություն, նորմալ ընտրություններ»,- ասել է նա:

Բաց մի թողեք
ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը
Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան
Փաշինյանը՝ եվրոպացիներից խաբվելու վտանգի մասին