29/09/2026

EU – Armenia

Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները

Վեց տարի անց 2020-ի պատերազմի պատճառների շուրջ նույն հարցը շարունակում է մնալ քաղաքական վեճի կենտրոնում։ Ընդդիմադիր շրջանակներում հաճախ հնչում է պնդումը, որ Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը՝ ընդունելով 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները։

Բայց մինչև այսօր հրապարակային փաստերը ցույց չեն տալիս, որ այդ պահին գոյություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված և կատարման պատրաստ փաստաթուղթ, որը Բաքուն ընդունել է, իսկ Երևանը՝ մերժել։ Հենց այս բացն է խնդիրը դարձնում շատ ավելի բարդ, քան քաղաքական պարզունակ ձևակերպումները։

2019-ի գարնանը համանախագահները խոսում էին բանակցությունները առաջ տանելու «հետագա կոնկրետ քայլերի» մասին։ Նրանց հրապարակային ձևակերպումներում կրկին շրջանառվում էին արդեն հայտնի սկզբունքները՝ հարակից տարածքների վերադարձ, Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, Հայաստանի հետ կապող միջանցք, վերջնական կարգավիճակի ապագա որոշում, փախստականների վերադարձ և միջազգային անվտանգության երաշխիքներ։ 2020-ի հունվարին կողմերը դեռ քննարկում էին այդ առաջարկների իրագործումն ու հետագա քայլերը։ Այսինքն՝ հրապարակային աղբյուրներից չի երևում, որ 2019-ին սեղանին եղել է արդեն ամբողջությամբ համաձայնեցված և անմիջապես ստորագրման պատրաստ լուծում, որի ընդունումը ինքնաբերաբար կկանխեր պատերազմը։

Պատերազմից հետո անցյալը հաճախ շատ ավելի պարզ է թվում։ Արդյունքը արդեն գիտենք, ու դրա պատճառով նախկին առաջարկները հեշտ է ներկայացնել որպես կորցրած հնարավորություն։ Բայց նման եզրակացության համար պետք են կոնկրետ փաստեր՝ համաձայնեցված փաստաթուղթ, երկու կողմերի համաձայնեցված դիրքորոշում, իրագործման հստակ մեխանիզմ և Երևանի մերժում։ Հրապարակային նյութերը մինչ այսօր նման ամբողջական պատկեր չեն տալիս։

Կազանը լավ օրինակ է, թե ինչու բանակցային փաստաթուղթը լուծում չէ։ 2011-ի հունիսին կողմերը համաձայնեցրել էին Հիմնական սկզբունքները, բայց վերջնական փաստաթուղթ չստորագրվեց։ Պաշտոնական հաղորդագրությունները խոսում էին առաջընթացի մասին, սակայն նաև արձանագրում էին, որ կան չլուծված տարաձայնություններ։ Հայկական կողմի ներկայացմամբ՝ վերջին փուլում Բաքուն առաջ էր քաշել նոր պահանջներ, որոնք նախկինում բանակցված չէին։ Դրանց ամբողջական բովանդակությունը մինչ այսօր անհայտ է ։ Կազանի օրինակը ցույց է տալիս, որ բանակցային փաստաթուղթն ինքնին դեռ համաձայնություն չէ։ Վճռորոշը այն պահն է, երբ երկու կողմն էլ պատրաստ են նույն պայմաններով ստորագրել և հետո կատարել ստանձնած պարտավորությունները։

«Կարելի էր պարզապես ստորագրել» ձևակերպումը չափազանց պարզեցնում է երկար տարիների բանակցային գործընթացը։ Ղարաբաղյան կարգավորումը երբեք չի եղել պատրաստ փաստաթուղթ վերցնելու և ստորագրելու հարց։ Ամեն փուլում փոխվել են կողմերի դիրքորոշումները, անվտանգության հաշվարկները և ուժերի հարաբերակցությունը։ Այդ պատճառով նույն առաջարկը տարբեր տարիներին նույն քաղաքական արժեքը չէր կարող ունենալ։ 2011-ի հնարավորությունը 2016-ին արդեն ուրիշ պայմաններում էր, 2019-ին՝ այլ, իսկ 2020-ի աշնանը բանակցային միջավայրը արմատապես փոխված էր։

Պատերազմը կանխելու հնարավորությունը գնահատելիս առանձին փաստաթուղթը բավարար չէ։ Պետք է հաշվի առնել ամբողջ պատկերը՝ բանակցությունների երկարատև փակուղիները, ուժերի հարաբերակցության փոփոխությունը, Ադրբեջանի հետևողական ռազմական հզորացումը և միջնորդների շարունակական փորձերը՝ կանխելու նոր բախումը։ Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ 2020-ի պատերազմի պատասխանատվության շուրջ վեճը ժամանակի ընթացքում գրեթե ամբողջությամբ դարձել է Հայաստանի ներքին քաղաքական հաշվեհարդարի թեմա։ Ադրբեջանը տարիներ շարունակ մեծացնում էր ռազմական ծախսերն ու կարողությունները, բանակցություններում պահպանվում էին խոր տարաձայնություններ, իսկ համանախագահները մինչև պատերազմը շարունակում էին կողմերին կոչ անել պահպանել հրադադարը և շարունակել բանակցությունները։ Հայաստանի իշխանությունների որոշումները, սխալներն ու հաշվարկները պետք է քննվեն ամբողջ խստությամբ, բայց պատերազմի պատճառները Երևանի կողմից չստորագրված որևէ փաստաթղթի մեջ տեղավորելը չափազանց պարզեցնում է շատ ավելի երկար ու բարդ պատմությունը։

Պատմական պատասխանատվության հարցը այստեղ առավելագույն ճշգրտություն է պահանջում։ Հայաստանի իշխանությունները կարող էին սխալ գնահատել ուժերի հարաբերակցությունը, բանակցային հնարավորությունները, պատերազմի վտանգը կամ սեփական դիվանագիտական ու ռազմական կարողությունները։ Այդ ամենը պետք է քննվի փաստաթղթերով, որոշումների հերթականությամբ և փակ արխիվների հրապարակմամբ։ Իսկ «պատերազմը կարելի էր կանխել» պնդումը արդեն պատրաստ եզրակացություն է։ Այս պահին հրապարակային փաստերը դեռ բավարար հիմք չեն տալիս այն անվիճելի ճշմարտություն ներկայացնելու համար։

Վեց տարի անց հարցը միայն անցյալի պատասխանատվության մասին չէ։ Հայաստանը նոր քաղաքական հնարավորության առաջ է։ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը, իսկ համատեղ հռչակագիրը հաջորդ քայլը սահմանեց հստակ՝ հասնել փաստաթղթի ստորագրմանն ու վավերացմանը։ Այս փուլում գլխավոր հարցն արդեն պատմական գնահատականը չէ, այլ այն, թե Հայաստանը կկարողանա՞ այս հնարավորությունը վերածել կայուն և իրավականորեն ամրագրված խաղաղության։

Թուրքիայի ուղղությամբ եւս կան արդեն ձեւավորված պայմանավորվածություններ։ Վերականգնվել է ուղիղ օդային հաղորդակցությունը, վերացվել է օդային բեռնափոխադրումների արգելքը, գործարար համաժողովներ են տեղի ունեցել Ղարսում եւ Երեւանում։ Աշխատանք է տարվում նաեւ Գյումրի–Կարս երկաթուղու վերականգնման եւ գործարկման շուրջ․ կողմերը ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ և անցել տեխնիկական քննարկումների փուլին։ Անցյալ շաբաթ Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպման օրակարգում արդեն առևտուրն էր, գործարար կապերը, Անիի կամուրջը, TRIPP-ը և տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այս ամբողջ շարքը ցույց է տալիս, որ հայ–թուրքական կարգավորման օրակարգում աստիճանաբար ավելանում են գործնական ու ենթակառուցվածքային հարցերը։

Այստեղ պատասխանատվության հարցն արդեն վերաբերում է ներկային։ Հայաստանի առաջ կանգնած խնդիրը ձեռք բերված քաղաքական համաձայնությունները կայուն համակարգի վերածելն է՝ բաց սահմաններ, առևտուր, հաղորդակցություններ, դիվանագիտական հարաբերություններ, անվտանգության հստակ կանոններ և փոխադարձ տնտեսական շահեր։ Խաղաղությունը ամրանում է այն ժամանակ, երբ այն մտնում է պետությունների ամենօրյա հարաբերությունների մեջ և դառնում կանխատեսելի կարգ, ոչ միայն ստորագրված փաստաթուղթ։

2020-ի պատերազմի շուրջ ամբողջական պատկերացում գուցե հնարավոր լինի կազմել միայն տարիներ անց՝ արխիվների, բանակցային փաստաթղթերի և մասնակիցների ամբողջական վկայությունների հրապարակումից հետո։ Այսօրվա իրավիճակը շատ ավելի հստակ է։ Այսօրվա պատկերը շատ ավելի հստակ է․ հիմնական պայմանավորվածությունները հրապարակային են, միջազգային ներգրավվածությունը՝ տեսանելի, իսկ խաղաղության գործընթացը առաջ տանելու հնարավորությունը՝ արդեն ձևավորված։ Հետևաբար պատասխանատվությունն էլ ավելի հեշտ է գնահատել՝ ինչ հնարավորություններ բացվեցին, ինչ քայլեր արվեցին և ինչ արդյունք ստացավ Հայաստանը։

Վեց տարի անց 2020-ի շուրջ գլխավոր հարցը դեռ բաց է մնում՝ պատերազմը հնարավո՞ր էր կանխել, ինչ պայմաններով և ինչ քաղաքական գնով։ Այսօրվա խնդիրը ավելի հստակ է․ Հայաստանը ունի խաղաղությունը ամրապնդելու հնարավորություն, և այժմ կարևոր է այդ հնարավորությունը վերածել գործող համակարգի՝ պայմանագրերի, ապաշրջափակված հաղորդակցությունների, տնտեսական կապերի և կայուն միջպետական հարաբերությունների։

Պատմությունը հետադարձ հայացքով հաճախ ամեն ինչ ավելի պարզ է դարձնում։ Պետության պատասխանատվությունը, սակայն, չափվում է ներկայի որոշումներով։ Կարևորն այն է՝ կարո՞ղ ես ժամանակին ճանաչել բացված հնարավորությունը, ճիշտ օգտագործել այն և չկորցնել այն պահին, երբ դեռ հնարավոր է փոխել ապագան։