19/08/2026

EU – Armenia

Թուրքիան «կմտնի՞» Ղրիմ, որը Ռուսաստանը օկուպացրել և անեքսիայի է ենթարկել

Ռուսաստանյան С 400 զենիթա-հրթիռային համակարգը Արաբական միացյալ էմիրություններին վաճառելու շուրջ «բանակցությունները մտել են փակուղի»։ Reuters-ին այդ մասին հայտնի է դարձել «Աբու-Դաբիի վստահելի աղբյուրներից»։

Ըստ տեղեկությունների, դեռևս ընթացիկ տարվա «մարտ ամսին Թուրքիան դիմել է Ռուսաստանին, որպեսզի գործարք իրականացնելու համաձայնություն ստանա՝ ինչպես սահմանված է երկկողմ պայմանագրով, բայց Մոսկվայից ոչ մերժում է ստացել, ոչ էլ հավանություն»։

Թուրք-էմիրաթական բանակցություններում «բարդություններ են առաջացել այն պահից սկսած, երբ ամերիկյան մի շարք կոնգրեսականներ Աբու-Դաբիում ակնարկել են, որ ռուսաստանյան զենիթա-հրթիռային կայանքը Թուրքիայից գնելու դեպքում հարկ կլինի հրաժեշտ տալ ամերիկյան F-35 կործանիչներ գնելու սպասումներին»։

ԱՄԷ-ն արաբական աշխարհի հազվագյուտ երկրներից է, որ Իսրայելի հետ բավական սերտ կապեր ունի, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Կարելի է ենթադրել, որ Աբու-Դաբին նաև Իսրայելից է «խորհրդատվություն ստացել»։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա, թերևս, արժե ուշադրություն դարձնել Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջալալի հայտարարությանը, որ նա արել օգոստոսի 18-ին։

Ըստ Turkiye պարբերականի, Ջալալը ասել է, որ Կիևը «պահպանում է Ղրիմը վերադարձնելու վճռականությունը»։ Նա ներկայացրել է, որ Ղրիմում «կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որից 169-ը թաթար է, և Ռուսաստանի իշխանությունները շարունակում են ռուսացման ու բնիկ ժողովրդին թերակղզուց դուրս մղելու քաղաքականությունը»։

Ուկրաինացի դիվանագետը Ռուսաստանի ռազմանավերի համար Բոսֆոր-Դարդանելը փակելու, ուկրաինական ռազմաարդյունաբերությանը և ուկրաինացի զինվորականների գերությունից վերադարձի հարցերում աջակցության համար Թուրքիային երախտագիտություն է հայտնել։

Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է 2014թ․-ից և մնում է անփոփոխ․ Անկարան թերակղզին ճանաչում է Ուկրաինայի տարածք, որ Ռուսաստանը օկուպացրել և անեքսիայի է ենթարկել։

Անցյալ ամիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Կիև պաշտոնական այցի ընթացքում այդ մոտեցումը վերահաստատել է։ Թուրքիան և Ուկրաինան մոտ երկու շաբաթ առաջ հանդես են եկել Սև ծովում հրադադարի առաջարկությամբ, որ Ռուսաստանը չի ընդունել։

Ռուս-թուրքական, մեղմ ասած՝ սառնությունը հետևել է ՆԱՏՕ-ի Անկարայում գագաթաժողովին, որի արդյունքում Թուրքիան երկու կարևոր առաքելություն է ստանձնել՝ չորս ամսով Բալթիկայում օդային պարեկություն և հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության ապահովում Սև ծովում։

Փաստացի Թուրքիան ուկրաինական կարգավորմանը մասնակցությունը և Սևծովյան ավազանում ՆԱՏՕ-ի անունից ազդեցության ամրապնդումը երաշխավորել է։ Արժե, թերևս, հիշել, որ ԽՍՀՄ-ում ազգային իրավունքի վերականգնման հարց առաջինը հարուցել են Ղրիմի թաթարները՝ պահանջելով, որ ազատ հայրենադարձությունը երաշխավորվի։