Երկրապահ կամավորական միության նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի կարծիքով՝ Հայաստանը մինչև հիմա միջազգայնորեն ճանաչված, օրինական պետական սահման չունի։
Երեկ՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելիս է ԵԿՄ նախագահը նման պնդում արել լրագրողների հարցերին ի պատասխան։ «Տա Աստված՝ վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք։ Ես չգիտեմ, դուք կարո՞ղ է գիտեք՝ կա՞ պետություն, որ առանց միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անկախ է։ Մենք ասում ենք՝ անկախ ենք, կա՞ միջազգայնորեն ճանաչված պետական սահման։ 38 տարի անկախ ենք, չէ՞, ունեցե՞լ ենք օրինական պետական սահման։ Եղել ենք ուրիշ պետության վարձկան, էս տարիների ընթացքում ինչ թելադրել են, արել ենք։ Նախորդ քաղաքական գործիչները պիտի դա անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»,- հայտարարել է Միքայելյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացի արդյունքում դեռ պետք է հաստատվի Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքն իր սահմաններով։
Ըստ նրա՝ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունն անօրինական պետություն է, և այն տարածքը, որն ընդգրկված է նրա սահմաններում, որևէ միջազգային կառույցի կողմից չի ճանաչվել, հետևաբար՝ զավթված տարածք է։ Նման հակապետական հայտարարություն անելուց հետո տվյալ անձն անմիջապես պետք է հայտարարվեր պետական դավաճան ու հնարավորինս շուտ ձերբակալվեր, որպեսզի ժողովուրդը տեսներ, թե իշխանությունն ինչպես է վարվում պետության դավաճանների ու թշնամու ջրաղացին ջուր լցնողների հետ։ Մանավանդ, որ նա պատահական քաղաքացի չէ, այլ ԱԺ իշխանական խմբակցության ներկայացուցիչ պատգամավոր և ԵԿՄ կառույցի նախագահ, որը պետք է չափավոր ու զգուշավոր լինի իր հայտարարություններում։
Թեև ի՞նչ պետք է ակնկալել մի իշխանությունից, որը նման պնդումով ու համոզվածությամբ հայկական Արցախը հռչակեց ադրբեջանական Ղարաբաղ և սիրահոժար նվիրեց թշնամուն։ Այսօր էլ քայլեր է իրականացնում պատմությունից ընդհանրապես ջնջելու Արցախի մասին հիշողությունը, որպեսզի հետագա սերունդները մոռանան, որ մի ժամանակ իրենց պատմական հայրենիքը այս կոլաբորացիոնիստական իշխանությունները կտրեցին Հայաստանից ու հանձնեցին Ադրբեջանին՝ այն համարելով ադրբեջանական մաս, հրաժարվելով այնտեղ գոյություն ունեցող հայկական ցանկացած հետքից ու Արցախի հայ բնակչությանը զրկելով երբևէ վերադառնալու հույսից։
Եվ ինչպես հիմա է Ադրբեջանի բռնակալ Ալիևը հայտարարում, որ երբևէ Արցախի համար կռված հայորդիները իրականում ահաբեկիչներ են եղել ու փորձել են զավթել ադրբեջանական հողերը, Սասուն Միքայելյանի հայտարարությունից հետո էլ թե՛ ինքը, թե՛ Թուրքիայի նախագահը, թե՛ Իրանի առաջնորդը կամ Վրաստանի վարչապետը կարող են հավակնություններ ներկայացնել հայկական հողերի ու տարածքների նկատմամբ, եթե դրանք, ինչպես ԵԿՄ նախագահն է կարծում, անօրինական են։ Իսկ հայ սահմանապահներին էլ ահաբեկիչներ կհամարեն, որոնք «անօրինական» տարածքներ են պաշտպանում։
Բայց որքան էլ Սասուն Միքայելյանը ցանկանար, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանները միջազգայնորեն ճանաչված չլինեին, որպեսզի կարողանար իրեն ծնած ու սնած նախկին իշխանությունների վրա «բոչկա» գլորել, գործադիր իշխանությունն իր այսօրվա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պարբերաբար նշում է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ընթացքում նոր սահմաններ չեն գծվում, այլ միայն վերարտադրվում են ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող իրավական սահմանները՝ ըստ եղած քարտեզների։ Միքայելյան Սասունն իր այդ դասը լավ չէր սովորել և ինքն իրեն խայտառակ արեց Անկախության օրվա առիթով՝ սերտած չլինելով, որ ՀՀ պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքով ու Սահմանադրությամբ: ՀՀ սահմանի երկարությունը պաշտոնապես 1448 կմ է, որից 280 կմ-ը Թուրքիայի հետ է, 930-ը՝ Ադրբեջանի, 42-ը՝ Իրանի, 196-ը՝ Վրաստանի։
Սասուն Միքայելյանի թիմակից, ՔՊ-աական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ի դեպ Սասուն Միքայելյանի այդ հայտարարության պահին նրա կողքին էր, չհամաձայնելով Միքայելյանի արտաբերած մտքերի հետ՝ այնուամենայնիվ չքննադատեց նրան, չմեղադրեց գիտելիքների պակասի մեջ, այլ փորձեց պաշտպանել՝ խմբագրելով նրա ասածները և լրագրողներին մեղադրելով, թե Սասուն Միքայելյանի խոսքերը սխալ են հասկացել, նա այլ բան է նկատի ունեցել։ Եվ դա դեռ հերիք չէ, մի բան էլ իբրև թե լրագրողներն են ստում՝ ասելով, թե ինքն անմիջապես Միքայելյանի կողքին չէր լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Իհարկե, տեսագրությունները փաստում են, որ հենց Անդրանիկ Քոչարյանն է ստում, և նա իսկապես «Եռաբլուրում» քայլում էր ԵԿՄ նախագահի կողքին։ Գուցե նա չի լսել Միքայելյանի այդ «հանճարեղ» արտահայտությունը, դա այլ բան է, բայց անգամ եթե լսել է, չի շտապել միջամտել։ Եվ միայն հետո, երբ լրագրողներն արդեն իրեն հարցեր ուղղեցին Միքայելյանի ասածների վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանը հակառակ պնդում արեց, թե «մենք ունենք պետական սահման, բայց սահմանազատման պրոցեսն անխուսափելիորեն պետք է հաստատագրի այդ սահմանի իրական լինելը»։ ՔՊ-ականի կարծիքով՝ «ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ սահմանի կայացման իրավական գործընթացն ավարտենք, այնքան ավելի հանգիստ, միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեր հետ միասին»։
Նիկոլ Փաշինյանը լավ կանի իր թիմի անդամների մեծ մասին պարզապես արգելի խոսել. հակառակ դեպքում հենց իրեն են անհարմար դրության մեջ դնում։ Տարատեսակ մեմերի նյութ դարձած «մածեմացիկայի» հեղինակին դեռ չմարսած, հիմա էլ Սասուն Միքայելյանի մտքի գոհարներն են ՔՊ-ականները ստիպված խմբագրում։ Սա է իշխող խմբակցության դեմքը, որը գրեթե ամեն տարի չի խորշում իրենց աշխատավարձերը շեշտակի բարձրացնելուց ու ինքնապարգևատրումներ անելուց, որպեսզի ավելի արդյունավետ անհեթեթություններ հնարեն և երկիրը տանեն դեպի գահավիժում։

Բաց մի թողեք
14 դպրոցում վարչատնտեսական համակարգողի պաշտոն թափուր է
Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում
Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը