24/09/2026

EU – Armenia

Իմ ելույթի ժամանակ ադրբեջանցիները լքել են դահլիճը, նույնը տեղի ունեցավ Հայաստանում․ Ալվարդ Զաքարյան

Երեկ Ազգային ժողովում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումները» թեմայով քննարկում էր նախաձեռնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Երբ Արցախի նախկին խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց նախկին պաշտոններով, ՔՊ պատգամավորները և կառավարության անդամները լքել են դահլիճը։

ՔՊ պատգամավոր Մարիամ Պողոսյանը լրագրողներին պատճառաբանել է, որ իրենց համար անընդունելի է Արցախի պաշտոնյաներին այդ կարգավիճակներով ներկայացնելը՝ ասելով, որ Հայաստանում չի կարող լինել «երկու խորհրդարան, երկու կառավարություն»։

«Ես առաջին պահից զարմացա, որ նրանք ներկա էին, որովհետև, ուզում էինք, որ նրանք առերեսվեին արցախցիների խնդիրներին և գուցե դրանք կկարևորվեին և լուծումները կգտնվեին»,- ասաց Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը։

Մինչ նախաձեռնված քննարկումը՝ խորհուրդը բազմիցս դիմել է տարբեր կառույցների, նախարարների, ներկայացրել արցախցիների խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները։ Ըստ մեր զրուցակցի՝ դրանց լուծման հիմնական նպատակը պետք է լինի վերադարձի հնարավորությունը։ Եվ հենց այստեղ է, որ «Քաղաքացիական պայմանագրի» մոտեցումն անընդունելի է։

«Արցախի իշխանությունների մասնակցությունը այս քննարկմանը, կարծում եմ, կարևոր էր։ Բայց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, հենց ընդգծելով իրենց անհամաձայնությունը Արցախի իշխանությունների ներկայացված կարգավիճակի հետ, դուրս եկան դահլիճից։ Անկեղծ ասած՝ ինձ մոտ դա շատ վատ հիշողություններ առաջացրեց։ Միջազգային տարբեր համաժողովների ժամանակ, երբ ես ներկայացել եմ որպես Արցախի ներկայացուցիչ, ադրբեջանցի պատվիրակները բոյկոտել են իմ ելույթները և դուրս եկել դահլիճից, որպեսզի չլսեն ինձ։ Եվ շատ ցավալի է, երբ այսօր հայերն են անում նույնը, ինչ ժամանակին անում էին ադրբեջանցիները՝ փորձելով չլսել Արցախի ներկայացուցչի ձայնը»,- ասաց Զաքարյանը։

2020 թվականի պատերազմից հետո, իսկ հատկապես 2023 թվականի բռնի տեղահանումից հետո, արցախցիների խնդիրներով համակարգված զբաղվող մարմին ըստ էության, չկա։ Եվ խոսքը միայն սոցիալական խնդիրների մասին չէ։ Պարզապես գումար տրամադրելով՝ հարցը չի լուծվում։

«Օրինակ՝ իմ խորին համոզմամբ, բնակարանային ծրագրի արդյունավետության խնդիրը նաև այն է, որ դրա հիմքում դրված է արցախցիներին այստեղ վերջնականապես բնակեցնելը։ Բայց մենք ունենք սեփականություն Արցախում և չենք ուզում այստեղ 20 տարվա հիփոթեքային պարտավորություններ ունենալ՝ չիմանալով, թե երբ և ինչպես ենք կարողանալու դրանք մարել։ Ավելի ճիշտ կլիներ ունենալ սոցիալական բնակարաններ, որոնք կծառայեին որպես ժամանակավոր կացարան, և միաժամանակ՝ Արցախի ժողովրդի կողմից լեգիտիմություն վայելող կառույց կամ միասնական ներկայացուցչական մարմին, որը Հայաստանում և միջազգային հարթակներում կզբաղվեր արցախցիների խնդիրներով»,- առաջարկում է Ալվարդ Զաքարյանը։

Սակայն, տեղի է ունենում ճիշտ հակառակը․ Հայաստանի իշխանությունները բոյկոտում են Արցախի իշխանությունների ցանկացած ներկայացվածություն, իսկ Արցախի կողմից էլ շատ հարցեր մնում են անգործության մատնված։

«Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արցախցիներն իրենց «անտեր» են զգում։ Իսկ այդպես չէր լինի, եթե ունենայինք կարգավորված և գործուն մարմին, որը կկարողանար համակարգել, ներկայացնել և պաշտպանել արցախցիների խնդիրները»,- եզրափակեց խոսքը Ալվարդ Սարգսյանը։