26/09/2026

EU – Armenia

Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար

Օրերս Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը Գիտական խորհրդի նոր ուսումնական տարվա առաջին նիստն է հրավիրել։ Օրակարգի առաջին հարցը 3 ֆակուլտետների դեկանների ընտրությանն է վերաբերել:

Հրապարակ թերթը գրել է․ Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում առաջադրվել էին հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ Մարիաննա Ավետիսյանը, Լիդա Արամյանը եւ Լիլիթ Լաչինյանը։ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտներ Արմինե Դալլաքյանն ու Գագիկ Հայրապետյանը։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ներկայացված էր պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Մարտիրոսյանը։ Թեկնածուներին, նրանց գիտամանկավարժական գործունեությունն ու ձեռքբերումները Գիտխորհրդի անդամներին ներկայացրել են խորհրդին կից մշակութային եւ հումանիտար մասնագիտությունների գծով հանձնաժողովների նախագահներ Գեւորգ Թադեւոսյանն ու Աելիտա Դոլուխանյանը։

Գիտխորհուրդը լսել է նաեւ դեկանի պաշտոնի թեկնածուների ծրագրային դրույթներն ու ֆակուլտետների զարգացման ռազմավարական ծրագրերը։ Թեկնածուները ներկայացրել են իրենց պաշտոնավարման ընթացքում նախատեսվող հիմնական աշխատանքներն ու նորարարական նախաձեռնությունները՝ կարեւորելով կրթության որակի եւ որակի ապահովման մեխանիզմների արդիականացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, միջազգային համագործակցության ընդլայնումը, կառավարման գործընթացների բարելավումը, ակադեմիական շարժունության զարգացումը, ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձեւավորումը եւ բուհ-դպրոց կապի ամրապնդումը։ Ապա պատասխանել են Գիտխորհրդի անդամների հարցերին, որից հետո անցկացվել է փակ, գաղտնի քվեարկություն։

Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան է ընտրվել Լիդա Արամյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան՝ Գագիկ Հայրապետյանը, Կուլտուրայի ֆակուլտետի դեկան՝ Արման Մարտիրոսյանը։ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորել է նորընտիր դեկաններին, մաղթել է արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնել, որ նորընտիր դեկանների գործունեության հիմքում կլինեն հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական ծրագրերը՝ բուհական կրթության եւ հանրակրթության միջեւ կապն առավել ամրապնդելու նպատակով։

Մենք տեղեկացանք, որ վերոնշյալ 3 ֆակուլտետների նախկին դեկանները բավականին երկար են պաշտոնավարել: Օրինակ, Կուլտուրայի ֆակուլտետի դեկանը տարիներ շարունակ եղել է Գեւորգ Թադեւոսյանը, Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրել է Ռուզաննա Պետրոսյանը, իսկ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանը եղել է Հեղինե Խաչատրյանը:

«Հրապարակ»․ Նոր դեկաններ են նշանակվել