Երբ կոմպոզիտորի ստեղծագործական ճանապարհը հասնում է ութ տասնամյակի սահմանագծին, նրա երաժշտությունը վաղուց արդեն միայն նոտաների, ժանրերի ու ստեղծագործությունների ամբողջություն չէ։
Այն անցած ճանապարհի, ապրած ժամանակի, ներաշխարհի, հայրենիքի հանդեպ ունեցած զգացմունքի ու արվեստի նկատմամբ ունեցած հավատարմության երաժշտական տարեգրությունն է։
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, կատարող և բազմաժանր ստեղծագործող Կոնստանտին Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն հենց այդպիսի մի երաժշտական տարեգրություն էր։ Երեկո, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ Կոնստանտին Պետրոսյանը ստեղծագործական ոլորտում նույնքան բազմաժանր, բազմատաղանդ և ինքնատիպ անհատականություն է, որքան կատարողական արվեստում։
Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում նրա երաժշտությունը հնչեց տարբեր կատարողական կազմերի, տարբեր ժանրերի և տարբեր սերունդների երաժիշտների մասնակցությամբ՝ դասականից մինչև ջազ, երգչախմբային արվեստից մինչև մանկապատանեկան երաժշտություն։ Բայց այդ բազմազանության ներքո կար միևնույն շնչառությունը՝ Կոնստանտին Պետրոսյանի երաժշտական աշխարհը։
Հոբելյանական երեկոյի ընթացքում Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Կոնստանտին Պետրոսյանին հանձնեց Հայաստանի Կոմպոզիտորների միության ոսկե մեդալը՝ կարևորելով հոբելյարի բազմամյա ստեղծագործական վաստակը։ Բայց երեկոյի իրական գնահատականը, թերևս, ոչ միայն հոբելյանական խոսքերն էին ու պարգևը, այլ հենց երաժշտությունը։
Այն երաժշտությունը, որը երբեմն խոսում էր երգչախմբի հնչողությամբ, երբեմն՝ նվագախմբի հզոր շնչով, երբեմն՝ մանկական ձայների պարզությամբ, իսկ երբեմն էլ՝ ջազի ազատ ու ինքնավստահ լեզվով։
Ժողովրդական երգի շունչը՝ նոր հնչերանգով
Երեկոյի ծրագրում առանձնահատուկ տեղ ունեին Հայաստանի Կամերային երգչաախմբի կատարումները՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Կոնստանտին Պետրոսյանի ժողովրդական երգերի մշակումները՝ «Հայաստանի ղողանջներ» խորագրով, որոնք դարձան հայաստանյան պրեմիերա։ Ժողովրդական երաժշտական նյութը կոմպոզիտորի մշակմամբ ստանում էր նոր գունավորում՝ պահպանելով ազգային մեղեդայնության ներքին հենքը և միաժամանակ բացելով այն նոր հնչերանգային տարածության մեջ։
Ծրագրում էր նաև «Տիրամայր» երգը՝ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի խոսքերով, ինչպես նաև «Վոկալիզը»՝ քառաձայն երգչախմբի համար, որը նույնպես հնչեց պրեմիերայով։ Այս ստեղծագործությունների կողքին հնչեց «Ազգ Հայկազեան» երգը՝ իր անվան մեջ իսկ կրելով ազգային ինքնության և պատմական հիշողության շեշտադրումը։
Բեմում այդ պահին ոչ միայն երաժշտություն էր։ Հնչյունների միջոցով ստեղծվում էր մի ամբողջ մշակութային տարածք, որտեղ ժողովրդական երգը, հոգևոր զգացողությունը, ազգային հիշողությունն ու ժամանակակից կոմպոզիտորական մտածողությունը հանդիպում էին միմյանց։
Երաժշտությունը՝ երեխաների ձայնով
Հոբելյանական երեկոյի առանձնահատուկ գույնը բերեց Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը։ Երեխաների ձայները միշտ մի փոքր այլ կերպ են հնչեցնում երաժշտությունը։ Դրանց մեջ կա պարզություն, անմիջականություն և այնպիսի անկեղծություն, որը հաճախ անհնար է ստանալ նույնիսկ ամենակատարյալ մասնագիտական կատարումից։
«Արևիկը» ներկայացրեց Կոնստանտին Պետրոսյանի՝ երեխաների համար գրված ստեղծագործություններից «Շոկոլադե ժամացույցը» և «Տիեզերքը»։ Վերջիններիս խոսքերի հեղինակը երջանկահիշատակ Արամայիս Սահակյանն է։ Եվ ահա «Շոկոլադե ժամացույցի» մանկական երևակայությունն ու «Տիեզերքի» ավելի լայն ու խորհրդավոր տարածությունը մի պահ կարծես հիշեցրին, որ Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործական աշխարհում տեղ կա ոչ միայն մեծ թեմաների, այլև մանկության զարմանահրաշ աշխարհի համար։ Այստեղ էլ է նրա երաժշտությունը մնում անմիջական, պատկերավոր ու կենդանի։
Եվ հետո՝ նորին գերազանցություն ջազը
Հոբելյանական երեկոյի հաջորդ կարևոր հանգրվանը ջազն էր։ Բեմում Հայաստանի պետական ջազ նվագախումբն էր՝ իր ղեկավար, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ։
Կոնստանտին Պետրոսյանի երաժշտական մտածողության մեջ ջազը պարզապես մեկ այլ ժանր չէ։ Այն ազատության, ռիթմի, իմպրովիզացիոն մտածողության և նվագախմբային հնչողության մի ամբողջ աշխարհ է։ Եվ այդ աշխարհը երեկոյի ընթացքում բացվեց իր ամբողջ գունային բազմազանությամբ։
Սկզբում՝ «Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար» ստեղծագործության պրեմիերան՝ երգչուհի Աննա Վարդապետյանի կատարմամբ և հենց հոբելյար կոմպոզիտորի դիրիժորությամբ։ Այդ պահն առանձնահատուկ էր ոչ միայն այն պատճառով, որ ստեղծագործությունն առաջին անգամ էր հնչում, այլև որովհետև 80-ամյա կոմպոզիտորը կանգնած էր դիրիժորական վահանակի մոտ՝ իր իսկ երաժշտության կատարման ընթացքում։
Կոմպոզիտորը, իր երաժշտության հետ դեմ առ դեմ
Հետո հնչեցին «Գյումրի», «Գառնի» ստեղծագործությունները և «Վարիացիաներ ֆլյուգելհորնի և նվագախմբի համար» գործը՝ շեփորահար Դանիել Մելքոնյանի մասնակցությամբ։ Այստեղ արդեն ջազը դառնում էր ոչ միայն երաժշտական լեզու, այլև կերպարների, քաղաքների, հիշողությունների ու զգացողությունների արտահայտման միջոց։
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հերթական անգամ ցուցադրեց իր կատարողական հնարավորությունների լայնությունը։ Նվագախմբի ղեկավար Դավիթ Մելքոնյանը ուշադրություն է դարձնում ինչպես նվագախմբի կատարողական մակարդակին, այնպես էլ նրա նվագացանկի բազմազանությանը։
Երեկոյի ավարտին այդ հանգամանքը հատուկ ընդգծեց նաև հոբելյար Կոնստանտին Պետրոսյանը՝ իր գնահատանքը հայտնելով Հայաստանի պետական ջազ նվագախմբի աշխատանքին։
Իսկ վերջում՝ «Հայաստան»
Սակայն երեկոյի ամբողջ երաժշտական բազմազանությունից հետո ունկնդրիս մեջ ամենախոր հետքը թողեց մի ստեղծագործություն։ «Հայաստան»։ Այն հնչեց երեկոյի վերջում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Հայաստանի Կամերային երգչախմբի համատեղ կատարմամբ։
Դիրիժորական վահանակի մոտ էր Ռոբերտ Մլքեյանը, դաշնամուրի մոտ՝ 80-ամյա հոբելյար Կոնստանտին Պետրոսյանը, իսկ գլխավոր մենակատարը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Տիգրան Հակոբյանը։
Եվ հենց այդ պահին երեկոյի բոլոր երաժշտական ճանապարհները կարծես միավորվեցին մեկ կետի մեջ։ «Հայաստանը» պարզապես համերգային ծրագրի հերթական ստեղծագործությունը չէր։ Այն դարձավ երեկոյի ներքին եզրափակիչ խոսքը։ Երգ, որի մեջ հայրենիքը պարզապես անուն չէ։ Այն զգացում է։ Սեր է։ Կարոտ է։ Հիշողություն է։ Խոնարհում է։ Աղոթք է։ Եվ, գուցե ամենակարևորը՝ երդում։ Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» ստեղծագործությունը այդ երեկո հնչեց ոչ միայն որպես երաժշտական ձոն հայրենիքին, այլև որպես մի մեծ, ներսից եկող խոստովանություն։
Երգչախմբի ձայները, նվագախմբի հզոր շունչը, մենակատարի ձայնը, դաշնամուրի մոտ նստած հոբելյարի ներկայությունը և Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած ընդհանուր հնչողությունը մի պահ վերածվեցին մեկ ամբողջական երաժշտական մարմնի։ Եվ երբ վերջին հնչյունները տարածվեցին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում, հանդիսատեսը ոտքի կանգնեց։ Այդ ծափահարության մեջ արդեն չկար պարզապես համերգի ավարտի ավանդական հանդիսավորությունը։ Այն ավելի երկար էր, ավելի տաք, ավելի անմիջական։ Թվում էր՝ բեմից հնչած «Հայաստան»-ը դեռ շարունակում էր մնալ դահլիճում։
Երեկոյի մասին, որը կազմակերպվել էր ԿԳՄՍ նախարարության, Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից, կարելի է երկար խոսել՝ անդրադառնալով յուրաքանչյուր ստեղծագործության, յուրաքանչյուր կատարողի, յուրաքանչյուր երաժշտական լուծմանն ու ժանրային փոխակերպմանը։ Բայց երբեմն մի ամբողջ համերգի էությունը կարող է մնալ մեկ երգի մեջ։ Կոնստանտին Պետրոսյանի համար այդ երգը «Հայաստանն» էր։ Եվ այդ երեկո այն հնչեց որպես սիրո ու փառաբանության հզոր ձոն, որպես խոնարհում, աղոթք ու երդում առ Հայաստան։
Ու գուցե հենց այդ պատճառով 80-ամյակի երեկոն ավարտվեց ոչ թե վերջին ակորդով, այլ այն զգացողությամբ, որ երաժշտությունը դեռ շարունակվում է՝ դահլիճից դուրս, մարդկանց մեջ, նրանց հիշողության և հոգու խորքում։ Կոնստանտին Պետրոսյանի երաժշտական ճանապարհը շարունակվում է։ Իսկ նրա «Հայաստանը»՝ մնում է որպես այդ ճանապարհի ամենահուզիչ և ամենահայկական հնչյուններից մեկը։

Բաց մի թողեք
Կոմիտասից մինչև մեր օրերը․ երգեհոնի ձայնով բացվեց Վահագն Ստամբոլցյանի անվան IV միջազգային փառատոնը. Լուսանկարներ
Մահացել է Վիսոցկու մեծ սերը` Մարինա Վլադին. Լուսանկար
Երկու ներկայացում, երկու տարբեր բեմական աշխարհներ՝ մի նոր թատրոնի ծննդյան ճանապարհին․ Լուսանկարներ