Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 2-ին ուժի մեջ է մտնում Իրանի հետ համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը:
«Պայմանագիրն արտահայտում է Ռուսաստանի և Իրանի քաղաքական բարձր ղեկավարության ընտրությունը՝ հօգուտ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հետագա համակողմանի ամրապնդման, որ համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների շահերին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությամբ, որ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների վերագործարկմանը գրեթե համաժամանակյա:
Պայմանագրի առանձին դրույթներ վերաբերում են ռուս-իրանական էներգետիկ համագործակցությանը, որտեղ առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի դիրքորոշումը: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանից Իրան տարեկան մի քանի տասնյակ միլիարդ խորանարդ մետր գազի տարանցման ծրագրի մասին է:
Վերջին օրերին Բաքվի լրատվամիջոցները բավական թափանցիկ ասել են, որ Ադրբեջանը «դեռևս վերջնական որոշում չի ընդունել»: Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Իրան գազատար կառուցվել է դեռևս խորհրդային շրջանում, բայց այդ խողովակաշարի թողունակությունը մեծ չէ: Ռուսաստանը մտադրված է Ադրբեջանի տարածքով դեպի Իրան նոր գազատար կառուցել:
Մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Թեհրան: Նրան ընդունել է Իրանի նախագահ Փեզեշքիանը, այնուհետև Մուստաֆաևը բանակցություններ է վարել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման պատճառը Միացյալ Նահանգներն են: Ըստ իսրայելական աղբյուրների, Իրանը երկրի արևելյան նահանգներում վերականգնում է հեռահար հրթիռների արձակման հարթակներ:
Բաքվի իշխանական լրատվամիջոցները ենթադրում են, որ Իրանի դեմ «նոր պատերազմ է հասունանում»:
Բաց մի թողեք
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»
Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիք