Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ապրիլի 14-ին կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։
Համերգը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ։ Կառավարությունը միջոցառման կազմակերպման նպատակով հատկացրել է 106 մլն դրամ։
Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում։ Դաշնակահարը առաջին անգամ կայցելի Հայաստան։
Համերգի ընթացքում նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Լանգ Լանգը համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ և մասնակցել է համաշխարհային նշանակության միջոցառումների, այդ թվում՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ 2009 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
Դաշնակահարը նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որը միտված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։
Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հանրության կողմից սիրված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։
![]()

Բաց մի թողեք
Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճեցին Meistersingerhalle-ն․ Լուսանկարներ
Հրանտը
Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» վիպակի ստեղծագործական պատմությունից