Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նավրուզի տոնի առթիվ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին շնորհավորական ուղերձ է հղել:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, որի համառոտ տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ պետական գործակալությունը: Ըստ այդմ, Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ Իրանի ժողովուրդը «կհաղթահարի փորձությունը», իսկ Ռուսաստանը կշարունակի մնալ Իրանի «հավատարիմ բարեկամը և հուսալի գործընկերը»:
Ռուսաստանի նախագահը, ինչպես ակնհայտորեն հասկացվում է նրա ուղերձից, նույնիսկ ակնարկ չի արել ռուս-իրանական «համապարփակ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների» մասին և որևէ կերպ չի դատապարտել Իսրալամական հանրապետության դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը:
Այս ծանրագույն փուլում Իրանին ռազմավարական օժանդակության մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող:
Ռուսաստանն, իհարկե, Իրանին որոշ աջակցություն ցուցաբերում է, բայց, ինչպես իրազեկ աղբյուրներն են հայտնել, միայն այն գործարքի շրջանակներում, որ կողմերը կնքել են անցյալ տարվա դեկտեմբերին: Խոսքը մոտ 500 միլիոն եվրո արժեցած՝ սպառազինությունների և տեխնոլոգիաների մատակարարման մասին է, բայց դա, ինչպես նման դեպքերում ռուսներն են ասում՝ «մաքուր բիզնես» է:
Պատերազմում, ըստ էության, Իրանը միայնակ է:
Այս առումով խիստ ուշագրավ դիտարկում է արել «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը, ըստ որի՝ եթե Ռուսաստանում «միայն ակադեմիական պատմաբանները գիտեն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը փորձել է Իրանի տարածքի մի զգալի հատվածը բռնակցել, ապա Իրանում այդ մասին տեղյակ են դառնում դպրոցական նստարանից սկսած, և իրանական հանրությունը, անկեղծ ասած, երբեք Ռուսաստանը բարեկամ երկիր չի ճանաչել, առավել ևս այսօր չի ճանաչում»:
Ռուս-իրանական հարաբերությունների այս գնահատականը, կարծես, նրա համար է, որպեսզի Մոսկվայի կողմից պատերազմող Իրանի թիկունքը լքելու քայլը արդարացում ունենա: Բայց դա, անշուշտ, հարցի քարոզչական-մակերեսային մատուցում է:
Ավելի անկեղծ լինելու դեպքում ռուսաստանյան կողմը պետք է ընդունի, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը պարզապես փլուզել է Գլոբալ հարավի համախմբման և եվրաատլանտյան կենտրոնի հետ «արժանապատիվ համակեցություն» ձևավորելու պուտինյան աշխարհաքաղաքական նարատիվը:
Ռուս-իրանական այս ջրբաժանը, որ հետկոնֆլիկտային իրավիճակում միայն խորանալու է, պետք է որ նշանային լինի նաև Հայաստանի այն ուժերի և շրջանակների համար, որ շարունակում են փայփայել «ռուս-իրանական ռազմավարական դաշնակցությանը միանալու և այդպիսով տարածաշրջանային ազդեցիկ գործոն դառնալու» հեռանկարը:
Ոչ ոք, իհարկե, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի կտրուկ փոփոխության իրողությունը անտեսել չի կարող, բայց պետք է ընդունել, որ Ռուսաստանը, ինչպես հետևում է Իրանի առաջնորդներին Վլադիմիր Պուտինի ուղերձից, նոր իրողություններին հակադրվելու ռեսուրս չունի:

Բաց մի թողեք
Օրբանը խոստանում է «կոտրել Բրյուսելի առաջադեմների դարպասները», եթե հաղթի ընտրություններում
Հունգարիայի արտգործնախարարը տարիներ շարունակ Ռուսաստանի հետ կիսվել է ԵՄ գաղտնի տեղեկատվությամբ
Իրանը ծրագրել է մարտական գործողությունները շարունակել մինչև աշուն