13/05/2026

EU – Armenia

Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը էլ իրենը չէ, հիմա ձերն է. վարչապետը՝ ժողովրդին

«2018 թվականից հետո ՀՀ պետական բյուջե մտել է լրացուցիչ 6,6 միլիարդ դոլար, որը հեղափոխությունից առաջ մտնում էր կոնկրետ անձանց գրպանները»։

Այս մասին Արագածոտնում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մասնավոր օրինակների, թալանի վերադարձի գործընթացի մասին։

Փաշինյանը, խոսելով նաև Ծառուկյանի փեսային բռնագանձման մասին, ասել է․

«Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը էլ իրենը չէ, հիմա ձերն է, ժողովո՛ւրդ»։

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ։

«2026 թվականի մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ անշարժ գույքի շուրջ 90%-ի նկատմամբ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասի նկատմամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերի նկատմամբ:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը:

Համաձայն վճռի՝ բացի վերոնշյալ արդեն Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերից՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձման են ենթակա՝

2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք,
1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս,

58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար,
934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության՝ 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք:

Հիշեցնենք, որ 2025 թվականին դատարան է հանձնվել 2008-2015 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական գործը: Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը, չարաշահելով իր լիազորությունները, Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ ընդհանուր 65 դրվագով Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների և փողոցների տարածքներում գտնվող հողերն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով տարբեր անձանց է օտարել (այդ թվում՝ 2 դեպքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր գործունեության հետևանքով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է)»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: