20/05/2025

Փաշինյանը մոռանալ է խոստանում պատերազմը, իսկ ՊՆ-ն ամեն օր անդրադառնում է հակառակորդի ապատեղեկատվություններին

«Մոռացեք պատերազմի ու էսկալացիայի մասին, լինելու է խաղաղություն»,- անցնող շաբաթ խորհրդարանում հայտարարում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական գործընթացի մասին:

Զուգահեռ իրականությունն այն է, որ Հայաստանի ՊՆ-ն հերթական անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինուժը խախտել է հրադադարը:

Այդ ապատեղեկատվության ու հերքումների շարքը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Միևնույն ժամանակ, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներն են հայտնում, որ պարբերաբար հնչում են կրակոցներ ադրբեջանական կողմից:

Սա, իհարկե, գոնե առայժմ էսկալացիա կամ պատերազմ չէ, բայց կա՞ երաշխիք, որ ամեն հաջորդ պահին կամ ամեն հաջորդ օրը չի դառնա այդպիսին: Եթե էսկալացիայի ու պատերազմի մասին պետք է մոռանալ, համենայն դեպս այդպես է հորդորում Հայաստանի վարչապետը, այդ դեպքում ի՞նչ բացատրություն կա Ադրբեջանի կրակոցների հարցում:

Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն անզորությունի՞ց է տարածում ապատեղեկատվություն և մյուս ձեռքով էլ կրակում սահմանին, թեկուզ անկանոն և օդ: Փաշինյանը հորդորում է, որ պետք չէ՞ տրվել ադրբեջանական հոգեբանական ճնշմանը:

Իհարկե, հոգեբանական ճնշմանը տրվել պետք չէ, սակայն, հետևելով պաշտոնական Երևանի խոսույթին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, նրա այդ հորդորի հանդեպ թերահավատության հիմքերը մեղմ ասած աչք են ծակում, ու ականջ:

Պաշտոնական Երևանն իր հռետորաբանությունում վախենում է անգամ մեկ ավելորդ բառ ասել Արցախի վերաբերյալ, արցախցիների իրավունքների վերաբերյալ: Եթե դա ճնշման հետևանք չէ, ապա ի՞նչ է:

Եթե վախ է առաջացնում անգամ մեկ բառն ու դրա արտաբերումից հետո պաշտոնյան կարող է մի քանի անգամ մոլեռանդորեն ուղղել ինքն իրեն, դա ի՞նչ է, եթե ոչ ճնշման հետևանք: Այդ դեպքում ի՞նչ արժեք ու նշանակություն կունենա հակառակորդի կամ թշնամու հոգեբանական ճնշման փորձերին չենթարկվելու մասին պաշտոնական հորդորը:

Անշուշտ, միամտություն է ակնկալել, թե Երևանն այսօր կարող է իրեն թույլ տալ խոսել այնպես, ինչպես մինչև պատերազմն ու պարտությունը: Իհարկե, շատ կարևոր հարց է, թե ինչո՞ւ է այդպես, և ընդհանրապես ի՞նչն էր ռացիոնալ ու պատճառաբանված մինչև պատերազմը, և ինչն է ռացիոնալ ու պատճառաբանված այժմ:

Բայց ակնկալիքը կամ պահանջը, թերևս, բոլորովին այն չէ, որ Երևանը Բաքվի հետ մտնի հռետորաբանության «պատերազմի» մեջ: Այլ այն, որ Երևանի հռետորաբանությունը լինի առաջին հերթին Հայաստանի հանրության համար պատճառաբանված, բացատրված, հիմնավորված:

Այլապես, երբ, ըստ էության, միակ հիմնավորումն այն է, որ ավելին ոչ միայն անելու, այլեւ խոսելու դեպքում կլինի էսկալացիայի ու ագրեսիայի առիթ, դրանից հետո որևէ ողջախոհ մարդու համար չի կարող հիմնավոր ու տրամաբանված հնչել՝ «մոռացեք էսկալացիայի ու պատերազմի մասին, լինելու է խաղաղություն» հայտարարությունը: