Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա զրուցում մի երեխայի հետ և հարցնում՝ գնալո՞ւ ես ընտրությունների, ո՞ւմ օգտին ես քվեարկելու։ Անչափահաս երեխան ասում է՝ «ոնց որ 29 տոկոսը ձեզ են ընտրելու», ինչին Փաշինյանը արձագանքում է՝ «քիչ է, 65 պետք է ընտրեն»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պարզապես անմեղ երկխոսություն է երեխայի հետ։ Կարող են նաև ասել, թե կատակ է արել, շատ լավ գիտի, որ երեխան ընտրելու իրավունք չունի: Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ քաղաքական միջավայրում նման դրվագները հաճախ ստանում են այլ ընկալում: Փաշինյանն ընդհանրապես հաճախ է «հանդիպում» երեխաների հետ: Դե, հանդիպում, հանդիպում է, սակայն խնդիրն այն է, որ նման տեսանյութերը ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում:
Ընտրական և քաղաքական գործընթացների մեջ երեխաների ներգրավումը պարզապես անթույլատրելի է և հակասում է այն սկզբունքին, որ անչափահասները պետք է դուրս մնան քաղաքական պայքարից։ Երեխաները չեն կարող լինել քարոզչական գործընթացի մաս, նույնիսկ եթե այդ ամենը տեղի է ունենում զրույցի կամ կատակային ձևաչափով։
Եթե նմանատիպ դրվագ տեղի ունենար որևէ այլ քաղաքական ուժի մասնակցությամբ, իշխանության ներկայացուցիչները, հավանաբար, առաջինը կլինեին, ովքեր կոկորդ կպատռեին երեխաներին քաղաքականության մեջ ներգրավելու փորձերի մասին հայտարարելով։ Ավելին, եթե նման բան տեղի էր ունենում նախկինում, ընդդիմադիրներն ու տարաբնույթ ՀԿներ պատռում էին իրենց: Իսկ հիմա փաստորեն… «կարելի՞» է:
Բնականաբար, չի կարելի: Որքան էլ առաջին հայացքից հենց նշյալ դրվագը կարող է թվալ սովորական խոսակցություն, դրա լայն տարածումը և բովանդակությունը կրկին բարձրացնում են կարևոր մի հարց. երեխաները պետք է լիովին դուրս մնան քաղաքական պայքարից և նախընտրական քննարկումներից, ու նրանց օգտագործումը քաղաքական նպատակներով անթույլատրելի և դատապարտելի է։
Իշխանության կողմից վերջին շրջանում ակտիվացած մարզային նախընտրական այցելությունները, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, հիմնականում անարդյունավետ են։ Չնայած նախօրոք իրականացվող իրազեկումներին, ամբողջ վարչական ռեսուրսի ներգրավմանն ու կազմակերպչական աշխատանքներին Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությանը, համայնքներում ակնկալվող բազմամարդ հանդիպումները չեն կայանում։
Օրինակ՝ վերջերս Նոյեմբերյանում, Մեղրիում, Ագարակում և այլ բնակավայրերում, ինչպես նշում են տեղացիները, կրկնվել է միևնույն պատկերը. իշխանության ներկայացուցիչները ժամանում են համայնք, երկխոսություն ունենում հավաքված փոքրաթիվ անձանց հետ, արվում է մի քանի լուսանկար և տեսանյութ, որոնք հետո տարածվում են պաշտոնական էջերում, և այցը ավարտվում է առանց լայն հանրային մասնակցության։ Ավելին, որոշ դեպքերում (օրինակ՝ Ագարակում) Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը նույնիսկ չի էլ դիմավորել:
Նման իրավիճակը ցույց է տալիս իշխանության հանդեպ հանրության իրական՝ ոչ սոցցանցային վերաբերմունքը: Ու թեկուզ մարզային այցերի պաշտոնական լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ ստեղծում են ակտիվ քաղաքական գործընթացի պատկեր, սակայն տեղերում իրավիճակը բացարձակ չի համապատասխանում այդ ցուցադրվող պատկերին։ Հնարավոր է՝ նաև դա է պատճառը, որ այդ հանդիպումներին քաղաքացիների հարցերին Փաշինյանը ավելի ու ավելի հաճախ է սուր և նյարդային ռեակցիաներ տալիս։

Բաց մի թողեք
Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել
65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. Լուսանկար, Փաստաթղթեր
Ընդդիմադիրներին տանում են բանակ