16/04/2026

EU – Armenia

ԱՄՆ-ը Իրանին «հարկադրում է 20 տարով սառեցնել միջուկային ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Թեհրանի օդանավակայանում անձամբ դիմավորել է Պակիստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրին:

Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ tasnim-ը հայտնել է, որ ֆելդմարշալ Մունիրը «կժամանի Թեհրան, որպեսզի փոխանցի Վաշինգտոնի ուղերձը և նախապատրաստի բանակցությունների երկրորդ փուլը»:

Axsios-ի աշխատակից Բարակ Ռավիդը նույն օրը սոցիալական X հարթակում գրել է, որ «Միացյալ Նահանգները և Իրանը մոտենում են պատերազմը դադարեցնելու մասին շրջանակային համաձայնագրի ընդունմանը»:

Թեհրանին Վաշինգտոնի «ուղերձի» որևէ մանրամասնություն հայտնի չէ: Ամերիկյան երկու պաշտոնյա Ռավիդին ասել են, որ անցած օրերին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը «հեռախոսային բանակցություններ է վարել իրանցիների հետ, տեղի է ունեցել առաջարկությունների փոխանակում, իսկ երեքշաբթի օրը կողմերը հասել են համաձայնության»:

Վերջին ձևակերպումից հստակ չի հետեւում՝ ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են հասել բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու և որևէ փաստաթուղթ քննարկելո՞ւ, թե՞ պատերազմը դադարեցնելու սկզբունքների հարցում:

Ֆելդմարշալ Մունիրի Թեհրան այցից կարելի է ենթադրել, որ հեռախոսային բանակցությունների և շահագրգիռ երկրների հետ անցկացված խորհրդատվությունների հիման վրա Վաշինգտոնում «կազմվել է «շրջանակային համաձայնության» նախագիծ», որն էլ Պակիստանը՝ որպես միջնորդ, ներկայացրել է Թեհրանին:

Ֆելդմարշալ Մունիրը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Պակիստանի փաստացի առաջնորդ: Անցյալ տարի նա այցելել է Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նրա Թեհրան այցը այդ առումով բացառիկ կարևորություն է ստանում:

Մանավանդ հայտնի է, որ Պակիստանը Սաուդյան Արաբիայի տարածքում կործանիչներ է տեղակայել՝ Իրանի նոր հարձակումը դիմագրավելու մտադրությամբ:

Իրավիճակի դելիկատությունը, թերևս, բացահայտել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին: Նա ասել է, որ միջուկային ծրագիրը «Իրանի բացառիկ իրավունքն է, բայց սահմանափակումների հարցը քննարկելի» է:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ-ը Իրանին «հարկադրում է քսան տարով սառեցնել միջուկային ծրագիրը, իսկ հարստացված ուրանի պաշարները հանձնել»:

Բարակ Ռավիդի տեղեկություններով՝ իրանա-ամերիկյան բանակցությունները «Իսլամաբադում կարող են վերսկսվել եկող շաբաթավերջին»: