12/05/2026

EU – Armenia

Պուտին – Թրամփ դիվանագիտական «խաղում» ո՞ւմ նյարդերն են առաջինը տեղի տալու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է տեղեկությունը, որ Մոսկվան փորձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու համար «դառնալ լոգիստիկ հաբ»։

Պարզ ասած, նա առաջարկել է Իրանի հարստացված ուրանի պաշարները տեղափոխել Ռուսաստան։ Այդ մասին գրել է Israel Inside-ը։

Պուտինը մանրամասնել է, որ այդ սխեման նախապես բոլոր կողմերին բավարարել է, բայց հետագայում «ամերիկյան վարչակազմը պայմանավորվածությունից հետ է կանգնել»։

Վաշինգտոնը վճռականապես պահանջել է, որպեսզի իրանական ամբողջ միջուկային նյութերը դուրս բերվեն բացառապես Միացյալ Նահանգների տարածք։ Դա, ինչպես և սպասելի էր, Թեհրանի դիրքորոշումը կոշտացրել է։

Ըստ Israel Inside-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այդ հարցը քննարկել է Պուտինի հետ վերջին մեկուկես ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում և մերժել Իրանի միջուկային պահուստները վերահսկողության տակ վերցնելու Կրեմլի նախաձեռնությունը։

Փոխարենը նա Պուտինին առաջարկել է «ջանքերը կենտրոնացնել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վրա» և ընդգծել, որ «դա համարում է ավելի կարևոր խնդիր»։

Իրանը, ինչպես տարբեր աղբյուրներ են հաստատել, ևս մեկ անգամ մերժել է միջուկային ծրագիրը տասը կամ քսան տարով սառեցնելու, հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին հանձնելու ամերիկյան առաջարկները։

Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Ուշակովը վստահաբար ասել է, որ ուկրաինական կարգավորման ԱՄՆ միջնորդներ Ուիթկոֆը և Քուշները «մոտ ապագայում կայցելեն Մոսկվա»։

Եթե Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկությունները, իսկ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր Պեկին այցելել այդ հարցում «հաղթաթղթով», ապա Վաշինգտոնը հազիվ թե աշխուժացնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար իր միջնորդությունը։

Ուշագրավ է, որ գրեթե զուգաահեռաբար «Նյու Յորք թայսմը», հղելով ամերիկյան ռազմական փորձագետներին, գրել է, որ Դոնբասի մնացած մասը գրավելու համար, եթե պատերազմը նույն ընթացքով շարունակվի, Ռուսաստանին «հարկ կլինի կռվել ևս երեսուն տաարի»։

Մոսկվայում գտնում են, որ Թրամփը «կարող է Զելենսկուն համոզել, որպեսզի զորքերը Դոնբասից դուրս բերի»։ Ըստ երևույթին, Վաշինգտոնում նույն տրամաբանությամբ համոզված են, որ Ռուսաստանը կարող է Իրանին համոզել, որպեսզի ուրանի հարստացված պաշարները հանձնի ԱՄՆ-ին։

Պուտին – Թրամփ դիվանագիտական «խաղում» ո՞ւմ նյարդերն են առաջինը տեղի տալու։ Իրավիճակը երկուսի համար էլ «ճակատագրական» է, սեպտեմբերին պետական դումայի, նոյեմբերին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են։