12/05/2026

EU – Armenia

«Սև գործի պատասխանատվությունը» մոսադը իր վրա է վերցրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 11 -ին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը բացառիկ հարցազրույց է տվել։ Այդ մասին հայտնել է իսրայելական vesty ռուսալեզու կայքը։

Նաթանյահուի հարցազրույցը հրապարակվել է Իրանի կողմից կարգավորման ամերիկյան նախագիծը մերժելու մասին տեղեկություններին զուգահեռ և վկայում է, որ Վաշինգտոնում և Երուսաղեմում նախապես տրամադրված են եղել, որ Թեհրանը առաջարկված կոշտ նախապայմաններին չի համաձայնելու։

Այլապես Իսրայելի վարչապետը հազիվ թե իրեն թույլ տար հրապարակայնացնել, որ Դոնալդ Թրամփն իրեն ասել է, թե «շահագրգռված է Իրանի տարածքում ցամաքային գործողություն իրականացնելու և հարստացված ուրանի պաշարները դուրս բերելու հեռանկարով»։

Նաթանյահուն, ըստ էության, բացահայտել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համատեղ գործողություն են մշակել։ Հասկացվում է, որ «սև գործի պատասխանատվությունը» նա իր վրա է վերցրել։

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող ամենամյա ֆինանսական աջակցության մասին, նա հավաստիացրել է, որ իր կառավարությունը մտադիր է առաջիկայում հրաժարվել դրանից, բայց և հիշեցրել է ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ջեկ Քինի խոստովանությունը, որ «իսրայելական հետախուզության կողմից ԱՄՆ-ին տրամադրած տեղեկությունները հինգ ԿՀՎ արժեն»։

Ըստ երևույթին, նա ամերիկյան հանրությանը փորձել է հասկացնել, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները դուրս բերելու և Միացյալ Նահանգներ տեղափոխելու հատուկ գործողությունը կարող է իրականացնել միայն Իսրայելի «Մոսադը»։

Արևմտյան աղբյուրները վերջին օրերին տեղեկություն են տարածել, որ Իսրայելը «Իրաքի տարածքում գաղտնի հենակայան է ստեղծել»։

Իրանի տարածքում ցամաքային հատուկ գործողություն իրականացնելու համար Իսրայելը, ամենայն հավանականությամբ, պետք է համագործակցի սահմանակից երկրների հետ։ Չնայած Ադրբեջանից արված հավաստիացումներին, որ երկրի տարածքը հակաիրանական գործողությունների հարթակ չի դառնա, Թեհրանի կասկածանքները լիովին փարատված չեն։

Նաթանյահուի հայտարարությունը այդ առումով ավելի շատ քարոզչական հնարքի տպավորություն է թողնում։ Իրական ռազմագործողության պատրաստվելու դեպքում նա նման «անոնս» չէր անի։

Մանավանդ որ Իրանի հարստացված ուրանի պաշարները երկրի տարբեր վայրերում են և գտնվում են «ռմբակոծված միջուկային օբյեկտների փլատակների տակ»։

Ամեն դեպքում, երևի, Իրանի տարածքում հատուկ ռազմագործողության մասին Իսրայելի վարչապետի հայտարարությունը կարող է բարդացնել Թեհրանի և հարևան երկրների առանց այդ էլ ոչ այնքան վստահելի հարաբերությունները։