Արևմտյան մի քանի լրատվամիջոցներ, հղելով ԱՄՆ սենատորների օգնականներին, տեղեկություն են տարածել, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան «դժոխային պատժամիջոցները» կարող են տարածվել նաև Ադրբեջանի վրա։
Ադրբեջանը ամերիկյան օրենսդիրների կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանից «խոշոր չափերով նավթ գնող հինգ երկրներից մեկը»։
Բաքվի իշխանական լրատվամիջոցները, անդրադառնալով այս տեղեկությանը, վկայակոչել են վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ անցյալ տարվա համեմատ Ռուսաստանից նավթի գնումները կրճատվել են ավելի քան ինը անգամ, իսկ ընթացիկ տարվա մայիսից սկսած՝ «առհասարակ դադարել»։
Որքանո՞վ են հավաստի ադրբեջանական կողմի վիճակագրական տվյալները՝ երևի ամերիկյան օրենսդիրներին հայտնի է։ Բավական է ասել, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կապված են նավթային խողովակաշարերով, և մատակարարումների գաղտնիությունը միանգամայն հնարավոր է։
Վերջին շրջանում նաև տեղեկություններ են տարածվել, որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բազմաբնակարանային շենքում իրավաբանական գրանցում ունեցող ընկերությունը տիրապետում է մի քանի լցանավի, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս են կազմում։
Ադրբեջանը Ռուսաստանից նավթ գնող և պատժամիջոցների ենթակա հինգ երկրների շարքում ընդգրկելու մասին տեղեկությանը զուգահեռ բրիտանական The Telegraph-ը Կասպից ծովում Ռուսաստանի և Իրանի միջև նավագնացության թեմայով հոդված է հրապարակել։
Ըստ հեղինակի, Կասպից ծովի իրանական «չորս նավահանգիստները շուրջօրյա աշխատում են, որպեսզի ապահովեն Ռուսաստանից ցորենի, կերերի և նավթի ներկրումը, իսկ ռուսաստանյան «Օլյա» նավահանգիստը Ռուսաստանի համար անօդաչուների իրանական բաղադրիչների ներկրման գլխավոր հանգույցն» է։
«Քանի որ Կասպից ծովը համաշխարհային օվկիանոս ելք չունի, Միացյալ Նահանգները, որպես ռազմածովային տերություն ոչինչ չեն կարող անել, որպեսզի խոչընդոտեն Ռուսաստանից Իրան բեռնափոխադրումները, որ այլ հանգամանքներում պետք է անցնեին ԱՄՆ նավատորմի կողմից ներկայումս շրջափակված Հորմուզի նեղուցով»,- ամփոփել է բրիտանական լրատվամիջոցը։
Օգոստոսի 10-ին նախագահ Փեզեշքիանը հրապարակայնացրել է, որ պատերազմի օրերին Ադրբեջանը ապահովել է դեպի Իրան ինչպես Ռուսաստանից, այնպես էլ սեփական փոխադրումները։
Իլհամ Ալիևը այդ տեղեկությունը չի հերքել։ Ավելին, Փեզեշքիանին Ադրբեջանի և նրա ժողովրդի հասցեին դրվատանքի խոսքերի համար շնորհակալություն է հայտնել։ ԱՄՆ նախագահ Թրամփը օրենսդիրներին հորդորել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները» տարածել նաև Իրանի նկատմամբ։
Արդյոք այդ պատճառո՞վ չի Բաքուն անհանգստացած, որ կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ենթակա երկրների շարքում։

Բաց մի թողեք
Զուլֆուգարովը Ալիևին ի՞նչ է ակնարկել Պուտինի մասին
Թուրքիայի հավակնոտ պահանջին Ռուսաստանը և Իրանը ինչպե՞ս կարձագանքեն
ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանին համարում են դաշնակից․ Մասադիկով