«Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման 25 -ամյակի առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղինակային հոդված է հրապարակել։ Ինչպես հաղորդել է Anadolu-ն, այն ունի «Քառորդդարյա վերափոխումների պատմություն, որ գրվել է ազգի հետ» խորագիրը։
Ներքաղաքական ինչ նպատակներ է առաջադրել Էրդողանը, առանձին դիտարկման թեմա է։ Նրա հոդվածում աչքի է զարնում աշխարհաքաղաքական նպատակադրվածությունը։ «Լինելով ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից, G 20-ի ակտիվ անդամ, Իսլամական համագործակցության կազմակերպության առաջատար երկիր և եվրոպական անվտանգության ճարտարապետության գերակա խաղացողներից մեկը, մենք ներդրում ունենք Սև ծովից մինչև Մերձավոր Արևելք, Կովկասից մինչև Աֆրիկա տարածքներում խաղաղություն և կայունություն ապահովելու գործին»,- գրել է Էրդողանը։
Այս ձևակերպումը, ըստ էության, բացահայտում է Թուրքիայի ազդեցության աշխարհագրությունը, որի նպատակը «ռազմավարական ինքնուրույնությունն» է, ինչը, Էրդողանի ընկալմամբ «փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ ավելի հավասարակշռված հարաբերությունների հիմքն» է։
Էրդողանը կրկնել է ավելի վաղ հնչեցրած՝ «աշխարհը ավելին է, քան՝ հինգը» կարգախոսը՝ նկատի ունենալով, որ միջազգային օրակարգը չպետք է որոշեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրները։ Նա վերստին պնդել է, որ միջազգային ինստիտուտները, ամենից առաջ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը «պետք է ավելի արդարացի ներկայացնեն ուժերի այսօրվա հարաբերակցությունը և հանրությունների բազմազանությունը»։
Ի վերջո, Էրդողանը սահմանել է, որ «բոլոր նախաձեռնությունները ուղղված են Թուրքիայի հանրապետության երկրորդ հարյուրամյակի հզորությանը, հանրային համերաշխությանը և սոցիալական բարգավաճմանը»։
Էրդողանը փաստացի «աշխարհի նոր վերաբաժանումից Թուրքիայի վաստակած բաժնի հայտ է ներկայացրել»։ Ընդսմին, նա արձանագրել է, որ «ոչ թե Հարավային Կովկասը, այլ Կովկասն է թուրքական ազդեցության և աշխարհաքաղաքական շահերի տարածք»։ Թուրքիայի այս հավակնոտ պահանջին Ռուսաստանը և Իրանը ինչպե՞ս կարձագանքեն։

Բաց մի թողեք
Բաքուն անհանգստացած է, որ կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ենթակա երկրների շարքում
Զուլֆուգարովը Ալիևին ի՞նչ է ակնարկել Պուտինի մասին
ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանին համարում են դաշնակից․ Մասադիկով