Իրանի հանրային հեռուստատեսությունը տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Ռեզա Նակդիի բացառիկ հարցազրույցը, որից սկզբունքային դրույթներ փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ն։
Նրա գնահատմամբ՝ Իրանի դեմ ամերիկյան պատերազմը «ռազմավարություն չունի, ԱՄՆ-ում խառնաշփոթ է տիրում, երկու-երեք օրը մեկ նրանք հայտարարում եմ նոր նպատակ՝ Խարկ կղզին գրավելուց մինչև Հորմուզի նեղուցի բացում»։
Գեներալ Նակդին, պատասխանելով հարցին, թե տեսակետ կա, որ Իրանը «մտադիր է երկարաձգել պատերազմը», այդ հավանականությունը ոչ միայն չի բացառել, այլև ասել է, որ Իրանը «պետք է թշնամուն ցույց տա, որ իր դեմ հարձակումը շահեկան չէ, միջոցներից մեկը պատերազմի երկարաձգումն է այնքան, մինչև ԱՄՆ-ում նոր նախագահը երդում կընդունի»։
ԻՀՊԿ հրամանատարի խորհրդականին հարց է ուղղվել, որ պատերազմի երկարաձգման դեպքում ԱՄՆ-ը «կարող է կիրառել զենք, որի պատասխանը Իրանը չուն»,-ինչին նա մեծ վստահությամբ պատասխանել է․ «Այսօր իրավիճակը այլ է, քան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, աշխարհը արթնացել է, և ոչ ոք նման հանցագործություն թույլ չի տա»։
Այս հարցազրույցը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «մոտ ապագայում Հորմուզը ամերիկյան տարածք ճանարելու» մասին հայտարարությունից հետո և վկայում է, որ Թեհրանը շարունակում է իրեն համարել «պատերազմում հաղթող կողմ»։ Ընդ որում, Ռեզա Նակդին վստահեցրել է, որ Իրանը «օրվա ընթացքում ավելի շատ հրթիռ է արտադրում, քան արձակում» է և կրկին սպառնացել, որ «տարածաշրջանում ամերիկյան բոլոր ակտիվները հասանելի» են։
Միացյալ Նահանգներին, իրոք, չի հաջողվել լուծել գլխավոր խնդիրը՝ Իրանի կրոնապետությունը ոչ միայն չի փլուզվել, այլեւ ամրապնդվել է և որոշակիորեն բարձրացրել տարածաշրջանային և միջազգային հեղինակությունը։ Հայաստանը թե պատերազմի նախօրեին, թե հետագայում Իրանի հետ հարաբերությունների մակարդակը պահպանել է։ Այդուհանդերձ, իրանա-ամերիկյան երկարաձգվող դիմակայությունը կարող է անդրադառնալ հայ-ամերիկյան համագործակցության, մասնավորապես՝ TRIP նախագծի իրականացման ժամկետների վրա։

Բաց մի թողեք
Նիկոլը վարչապետ է, եւ վե՞րջ …
Ռուսաստանը հայ – իրանական համագործակցությունը չի ողջունում
Անկարան, Կահիրեն և Դոհան «արմատական քայլերի կդիմեն»