29/09/2026

EU – Armenia

Երբ սկսեցին համայնքապետեր նշանակել եւ ընտրվածներին հետապնդել, ՏԻՄ-ը քայքայվեց

«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի ավագանու նախկին անդամ, «Լույս» խմբակցության նախկին ղեկավար Դավիթ Խաժակյանն է:

– Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է տարածաշրջանի բռնապետերի` Պուտինի եւ Կադիրովի հետ մրցել, թե որ մեկն է ավելի բռնապետ: Փաշինյանն էլ, ճիշտ նրանց պես, որոշել է այնպիսի քաղաքական միջավայր ու մթնոլորտ ստեղծել երկրում, որ ընդդիմադիր գրեթե ոչ մի ուժ ՏԻՄ ընտրություններին չմասնակցի կամ չհաղթի: Ինչպես գիտենք, կիրակի օրը Լոռու մի քանի համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, եւ այդ ընտրություններին բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր մասնակցում, որեւէ ընդդիմադիր ուժ հայտ չէր ներկայացրել, ինչի արդյունքում ՔՊ-ն Թումանյան համայնքում 95 եւ ավելի տոկոս ձայն ստացավ: Օրինակ` համապետական ընտրությունների պարագայում օրենքը թույլ չի տալիս, որ միայն մեկ ուժ մասնակցի ընտրություններին, ինչո՞ւ ՏԻՄ ընտրությունների մասին օրենքում նման կետ չկա: Դուք ի՞նչ գնահատական կտաք կայացած ՏԻՄ ընտրություններին:

– Խնդիրն օրենսդրական մակարդակում չէ: Օրենքը պահանջում է, որ երեք ուժ անցնի, եթե դրանք մասնակցում են, գոնե մեկական մանդատով կարող են անցնել եւ պետք է անցնեն։ Օրենքը դա է ասում, բայց այս իրավիճակը, իմ գնահատմամբ, ավելի շատ քաղաքական է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ընտրության միակ մասնակիցը, միակ հաղթողը լինի իր ներկայացուցիչը: Ժողովրդավարական երկրներում այսպիսի բան անգամ չէին կարող պատկերացնել: Բայց հատկապես փոքր համայնքներում մարդիկ ուղղակի ահաբեկված են եւ չեն կարողանում ընդդիմադիր գործունեություն ծավալել: Ստացվում է, որ անգամ երաշխավորված անցողիկ շեմը հաղթահարելու պարագայում ընդդիմադիր գործիչները, կուսակցությունները չեն ցանկանում առաջադրվել:

– Բայց այդ դեպքում, եթե չեն առաջադրվում ընդդիմադիր ուժերը, ապա օրենքը պետք է արգելեր, սահմանափակեր ընդամենը մեկ ուժի մասնակցությունը:

– Այդ դեպքում էլ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը կնշանակեր ինչ-որ մեկին, եւ ընտրություններ տեղի չէին ունենա, կասեին` օրենքն արգելում է, այլ թեկնածուներ չկան, մենք ենք նշանակում: Օրենքն ասում է, որ ավագանիում երեք ուժ պետք է ներկայացված լինի: Խնդիրն այն է, որ ալտերնատիվ թեկնածուները չեն ցանկացել առաջադրվել եւ չեն առաջադրվել: Մարդիկ ահաբեկված են: Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը սկսեց քայքայվել այն պահից, երբ կառավարությունը սկսեց նշանակումներ իրականացնել այն համայնքներում, որտեղ պետք է ընտրություններ լինեին: Մյուս քայքայիչ գործոնն էլ այն էր, երբ դատախազությանը հնարավորություն տվեցին՝ ՏԻՄ մարմիններին միջամտել, քրեական վարույթներ հարուցել: Այս երկու գործոններով ստեղծվեց մի իրավիճակ, երբ ընդդիմությունն ահաբեկվեց: Մարդիկ գիտակցում են, որ ոչ միայն իրենց տեղական մրցակցին են պարտվելու, այլեւ իրավապահների թիրախում են հայտնվելու: Սա այն է, ինչը նաեւ տեղի էր ունենում ՀՀԿ-ական իշխանության տարիներին: Այս առումով, սակայն, ՔՊ-ն սահմանեց ռեկորդ: Պետական ռեսուրսներն այնքան են բանեցնում ՏԻՄ-երում, որ մարդիկ ոչ մի իմաստ չեն տեսնում ընտրություններին մասնակցելու մեջ: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան կարող է կառավարությունից սուբվենցիա ստանալ եւ դա ներկայացնել հանրությանը որպես ձեռքբերում, սակայն դա զուտ նախընտրական աշխատանք է: Ու այսպես խարխլվում է ժողովրդավարությունը: