15/08/2026

EU – Armenia

Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամին «Ռոսիա մոլի» հարևանությամբ կառուցվող շենքի երկաթե, ցանցե կառուցատարերը և մի քանի էլեկտրասյուն տապալել է. 10-ից ավելի մեքենաներ մնացել են այդ ամենի տակ

Օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ»-ի հարևանությամբ կառուցվող շենքերից մեկի արտաքին պատին ամրացված ժամանակավոր «խառաչոներ»-ն ու երկաթե ճաղավանդակները պոկվել են։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վնասվել են կայանված 10-ից ավելի ավտոմեքենաներ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Այս պահին քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոմեքենաների վրայից հեռացնում են երկաթե սյուները և ցանցը։

Վնասվել են նաև նշված պողոտայով անցնող տրոլեյբուսի գծերը։

Այս պահին տեղում աշխատում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Համայնքային ոստիկանները պարզում են տուժած ավտոմեքենա որի սեփականատերերի ինքնությունը

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հարություն Հարությունյանը հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրերի փլուզման հետևանքով տուժածների մասին տեղեկությունը հստակեցնելու համար։

Պարոն Հարությունյանն ասաց, որ շտապբուժօգնության կանչը ստանալուն պես անմիջապես ծառայության 06 բրիգադը՝ բժիշկ Հունան Թաթոսյանի ղեկավարությամբ մեկնել է դեպքի վայր և այդ պահից սկսած մինչև այժմ այնտեղ հերթապահություն է իրականացնում։

Ըստ Հարություն Հարությունյանի՝ որևէ տուժած չկա, որևէ մեկն անգամ վնասվածք չի ստացել։

Այս պահի դրությամբ դեպքի վայրում ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունը դեպքի հետևանքները վերացնելու աշխատանքներ է իրականացնում, և շտապբուժօգնության բրիգադը կշարունակի հերթապահությունը մինչև այդ աշխատանքների ավարտը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։

Blog Image