ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Աբու Դաբիում երկօրյա բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել ռազմագերիների խոշոր փոխանակման շուրջ, իսկ հստակ թվաքանակը դեռ պետք է հաստատվի։
ԱԲՈՒ ԴԱԲԻ — ԱՄՆ պաշտոնյաները հինգշաբթի կմեկնեն Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից «օրհնություն» խնդրելու, որպեսզի եվրոպացի ներկայացուցիչներին թույլ տրվի միանալ Ուկրաինայի հարցով ապագա խաղաղ բանակցություններին։
Ջարեդ Քուշները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան, ով միջնորդում էր Աբու Դաբիում ընթացող բանակցությունները, լրագրողներին հայտնել է, որ ինքը և Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կմեկնեն Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպելու համար։
Նրանք նպատակ ունեն ստանալ Պուտինի համաձայնությունը՝ թույլ տալու եվրոպացիներին մասնակցել բանակցություններին, ինչպես նաև հաստատել ռազմագերիների փոխանակումը, որը կդառնա ամենախոշորը պատերազմի սկզբից ի վեր։ Քուշների խոսքով՝ եվրոպացիների մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետության վերանայման շուրջ քննարկումներում։ Սա Ռուսաստանի վաղեմի պահանջն է, սակայն այդ նախաձեռնությունը մտահոգություն է առաջացրել որոշ եվրոպացի պաշտոնյաների շրջանում։
«Մենք պետք է ապահովենք եվրոպացիների ներկայությունը բանակցային սեղանի շուրջ, — ասել է Քուշները։ — Մենք մի քանի անգամ ուղղակիորեն նախագահ Պուտինին և նրա թիմին փոխանցել ենք, որ այս հարցը լուծելու միակ ճանապարհը նրանց մեր կողքին ունենալն է, և կարծում եմ՝ նրանք դրական են տրամադրված այդ գաղափարի հանդեպ»։
«Հուսով եմ, որ վաղը Մոսկվայում Սթիվն ու ես հաջողության կհասնենք, և նախագահ Պուտինը կտա իր համաձայնությունը դրա իրականացման համար։ Կարծում եմ՝ եթե նա համաձայնի, մենք կկարողանանք զգալի առաջընթաց գրանցել կարևորագույն հարցերի շուրջ»։
Աբու Դաբիում կայացած բանակցությունները Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև առաջինն էին փետրվարից ի վեր։ Ուկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները նախապես զգուշավոր էին արտահայտվում՝ նվազեցնելով սպասելիքները, թե բանակցությունների արդյունքում հնարավոր է բեկումնային արդյունքի հասնել։ Իրականում, որևէ առաջընթաց չարձանագրվեց այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված հրադադարը, Սև ծովով նավագնացությունը կամ տարածքային խնդիրները։
Այնուամենայնիվ, այն փաստը, որ կողմերը, ինն ամիս տևած դադարից հետո, կրկին հանդիպեցին, եվրոպական մայրաքաղաքներում գնահատվեց որպես կարևոր քայլ։
Պատերազմող կողմերի միջև վստահությունն ամրապնդելու նպատակով Քուշները հայտարարեց, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են իրականացնել, հավանաբար, պատերազմի սկզբից ի վեր «ամենամասշտաբային» գերիների փոխանակումը։ Նա հավելեց, որ հստակ թվաքանակը կհաստատվի հինգշաբթի օրը։ Ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը նույնպես հաստատեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն «լայնածավալ» փոխանակման վերաբերյալ։
Քուշների խոսքով՝ երկօրյա բանակցությունները, ընդհանուր առմամբ, եղել են «բովանդակալից» և «բավականին բարդ», սակայն դրանք դիտարկվում են որպես «լավ առաջին քայլ»՝ իննամսյա ընդմիջումից հետո կողմերի միջև երկխոսությունը վերսկսելու համար։
Նա նշեց, որ երբ երեք շաբաթ առաջ Օսլոյում ԱՄՆ պաշտոնյաները հանդիպեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, պարզ չէր, թե արդյոք Մոսկվան և Կիևը կկարողանան վերսկսել բանակցությունները։
«Երկար ճանապարհ անցանք՝ բոլորին կրկին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, — ասաց Քուշները։ — Բայց կարծում եմ՝ սա շատ լավ առաջին հանդիպում էր։ Այն բարդ էր, սակայն արդյունավետ»։ Նա հավելեց, որ կողմերը քննարկել են բոլոր կարևոր հարցերը, իսկ տարածքային խնդրի լուծումը «ամենադժվարը» կլինի։
Ուկրաինացի բանակցողները հայտնեցին, որ Կրեմլից ստացված «շատ խիստ հրահանգները» սահմանափակել են Աբու Դաբիում բանակցելու իրենց հնարավորությունները՝ անհնար դարձնելով բանակցային գործընթացում ավելի մեծ առաջընթացի հասնելը։
Հինգշաբթի օրը Պուտինի հետ հանդիպման ժամանակ Քուշներն ու Ուիտկոֆը կփորձեն համոզել նրան՝ առաջ շարժվել որոշ հարցերի շուրջ, ինչպես նաև, ըստ բանակցություններին մասնակցած պաշտոնյաների, համաձայնեցնել բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետը։ Այնուհետև նրանք կմեկնեն Դուբլին՝ հանդիպելու Զելենսկու, իսկ հնարավոր է՝ նաև եվրոպացի առաջնորդների հետ։
Ուկրաինան ձգտում է մինչև Նոր տարի հասնել հրադադարի շուրջ համաձայնության, քանի որ մտավախություն ունի, որ Ռուսաստանը պատրաստվում է ձմեռային նոր ռմբակոծությունների՝ թիրախավորելով էներգետիկ ցանցերը՝ երկիրը սառեցնելու և հնազանդեցնելու նպատակով։
Կարևոր հարցերից մեկը, հատկապես Եվրոպայի համար, այն է, թե որքանով են ՆԱՏՕ-ի վրա հիմնված մայրցամաքային անվտանգության համակարգի փոփոխության շուրջ քննարկումները կապված լինելու Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված կոնկրետ բանակցությունների հետ։
Եվրոպացիները վաղուց են պնդում, որ Ուկրաինան պետք է ստանա հնարավորինս ամուր անվտանգության երաշխիքներ՝ կանխելու համար Ռուսաստանի կողմից հնարավոր նոր հարձակումը պատերազմի ավարտից հետո։ ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են դիտարկել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի սկզբունքով կոլեկտիվ պաշտպանության համաձայնագրի ստեղծման գաղափարը, որի դեպքում դաշինքը կարող է հանդես գալ որպես երաշխավոր։
Սակայն Ռուսաստանը պնդում է բանակցությունների շրջանակի ընդլայնումը՝ ներառելով Եվրոպայի անվտանգության ամբողջ ճարտարապետության վերանայումը. մի առաջարկ, որին ամերիկացի միջնորդները համաձայնել են։
Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ բանակցությունների հաջորդականությունը վճռորոշ նշանակություն կունենա։ Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել մայրցամաքի անվտանգության համակարգի հիմնարար վերափոխումը՝ Ռուսաստանի մտահոգությունները փարատելու նպատակով, և դա անել Ուկրաինայի շուրջ խաղաղ գործընթացին զուգահեռ։ Միաժամանակ, նրանք չեն ցանկանում պարտավորություններ ստանձնել ավելի լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ, քանի դեռ խաղաղություն ձեռք չի բերվել։
Քուշները նշել է, որ նպատակը բոլոր խնդիրների քննարկումն է, իսկ այնուհետև՝ «դրանց միաժամանակյա կարգավորման ուղիների որոնումը»։
«Կարծում եմ՝ այս քննարկումները շատ կարևոր են, — ասել է նա։ — Սակայն հետպատերազմյան անվտանգության համակարգի ներդրումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ձեռք բերվի համաձայնություն տարածքային և այլ երկկողմ հարցերի շուրջ»։
ԱՄՆ-ի ցանկությունը՝ ներգրավել Եվրոպային բանակցություններում, ուշադրության կենտրոնում է պահում Եվրոպական միությանը և այլ դերակատարների, օրինակ՝ Միացյալ Թագավորությանը, որոնք պետք է որոշեն, թե ով է ներկայացնելու իրենց բանակցություններում։ ԵՄ առաջնորդները կքննարկեն այս հրատապ հարցը ուրբաթ օրը Դուբլինում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում։
Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է՝ իր հետ խորհրդակցեն այն հարցի շուրջ, թե ով է ներկայացնելու Եվրոպան, միաժամանակ հորդորել է դաշնակիցներին արագացնել գործընթացը և, ըստ հնարավորության, ընտրել մեկ անձի, ով կստանձնի առաջատար դերը հետագա բանակցություններում։
Քուշները նշել է, որ ներկայիս ձևաչափը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ն, ԵՄ կառույցները, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ներկայացուցիչները, «կազմակերպման իսկապես հզոր եղանակ է»։ Նա հավելել է. «Եթե Եվրոպան կարողանա առանձնացնել մեկ անձի, ով կխոսի իր անունից, դա ավելի մեծ ձեռքբերում կլինի, քան ռուսներին համոզելը՝ իրենց ներառելու բանակցային գործընթացում»։


Բաց մի թողեք
Կրեմլը կարող է թաքցնել զոհերի թիվը, բայց չի կարող թաքցնել գերեզմանները
Մահվան վիճակագիրները. Լուսանկար
Ինչ ունեցվածք ունեն Տավրոս Սափեյանը եւ նրա մերձավորները