17/10/2025

Մեր տունն «օրհնած սրբազանին», մեր ընտանիքի անդամներին ենք դատում, արգելում խոսել «մեր տանը»

Հայաստանի և մեր շուրջը կատարվող սրընթաց ու ճակատագրական գործընթացները սահմանային մտածումներ են բերում: Աշխարհը փոխկապակցված է և մենք մեզ այդ քարտեզից դուրս չենք կարող դուրս թողնել:

Համաշխարհային քաղաքական սահմանազատման և սահմանագծման օրակարգում մեր ձեռքը պարտավոր է չդողալ, մեր չափագրումը պետք է լինի հավասարակշռված, խելամիտ ու հեռագնա:

Թրամփը հայտարարում է մի քանի պատերազմներ, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հակամարտությունը կանգնեցնելու մասին. նրա թվարկած շարքը կարող է ավելանալ մեկով՝ Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկարատև հակամարտության դադարեցմամբ: ԱՄն առաջնորդի խաղաղության ծրագիրն ընդունել են երկու կողմերն էլ՝ համաձայնելով վայր դնել զենքերը, ազատել պատանդներին և գերիներին, մշակել ընդհանուր կեցության ողջամիտ պայմաններ, սկզբունքներ:

Աշխարհը, թվում է, հոգնել է արյունահեղություններից, պատերազմներից, արկերի ձայնից, ուժեղն ու թույլը դարձել են հարաբերական կարգավիճակներ՝ ծածանելով համատարած երկխոսության և խաղաղության սպիտակ դրոշներ աշխարհի բոլոր սահմաններին: Ինչպես մարդու օրգանիզմը, բնությունն էլ, ազգերն էլ, բանակներն էլ, պետություններն էլ հանգստի ու վերականգնման կարիք ունեն: Նախընթաց իրադարձություններն ու ներկա զարգացումներն նման, եթե չասենք ՝ պատմական հնարավորություններ են ընձեռել վերջապես:

Բայց ավարտվե՞լ է արդյոք պատերազմն աշխարհում, որի զենքը մարտական չէ, որի կարգախոսը ռազմական չէ, մարտակոչ չէ, և որի մասնակիցները թշնամանքով լցված հարևաններ չեն՝ անկախ հեռավորությունից:

Անհաշտ մարդկությունն արդյո՞ք եկել է այն բաղձալի գիտակցման, որ սեփական տունը կառուցելն առավել կարևոր է ու առաջնային, որ հարևանի միջանցքի, պատշգամբների և նույնիսկ ննջասենյակի վրա «աչք դնելու» փոխարեն պետք է օր առաջ մտածել սեփական տունը կարգի բերելու, վերանորոգելու մասին, անկախ նրանից՝ հին «Մոսկովյան պատուհաններ» են դրվելու, թե՞ «Եվրոդռներ», անկախ նրանից, թե ո՞ր երկրի շինանյութ ու շինտեխնիկա է օգտագործվելու: Չէ՞ որ ի վերջո մենք ինքներս ենք մեր տան տերը և մենք ենք միայն որոշում՝ ինչն ինչպես անել, ինչ միջոցով ու երբ:

Այնպես է ստացվում, որ դրսի հետ մեր «ղալմաղալն» ավարտելուն զուգահեռ՝ մեր տունն է «կռիվ ընկել»: Նույն ԱՄՆ-ում, քանի օր է՝ աշխատանքը դադարեցրել է երկրի կառավարությունը՝ հանրապետականների ու դեմոկրատների միջև խորացող անհամաձայնության պատճառով: «Տան» բյուջեն չեն կիսում: Կասեք՝ ներկուսակցական, «ներընտանեկան ամերիկյան կենցաղային խնդիր է»: Ինչ որ է՝ «կռիվ է», որից առաջին հերթին տուժում են ոչ թե Սպիտակ տան, այլ ընդհանուր «ընտանիքի» անդամները:

Այս ժամերին ընտրություններ են հարևան Վրաստանում, Չեխիայում, Սիրիայում, աշխարհի տարբեր հատվածներում, կլինեն նաև այլուրեք: Այնտեղ էլ, ավաղ, «աթոռի, ոչ թե՝ հացի կռիվ է»:

Ընտրություններ մեզ մոտ էլ կլինեն՝ 2026-ին: Հայաստան կոչվող «տանը», որ «իջևանատուն ու հյուրատուն չէ», այլ՝ «հայրական տուն»: Ծնողից կարող ես խռովել, ընտանիքի անդամներիդ հետ կարող ես վիճել, չհամաձայնել, բայց հո չե՞ս կրակելու ընտանիքիդ անդամի վրա քաղաքական հայացքների համար, աթոռի համար, հո տանդ ապակիներն ու գույքը չե՞ս վնասի: Տանդ դուռը հո բաց չե՞ս թողնի, որ «ներսի աղմուկը» դրսում լսվի:

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Մեր տունն «օրհնած սրբազանին», մեր ընտանիքի անդամներին ենք դատում, արգելում խոսել «մեր տանը», այն էլ՝ սրտացավության դիրքերից: Մեր «հայրական տունը» չե՛նք հարգում: Արգելում ենք խոսել ընտանիքի անդամներին, բայց գովում ենք հարևաններին, թողնում՝ ազատ ելումուտ անեն, մեր «ընտանեկան» որոշումներին, հարցերին խառնվեն: Մեզ «խառնեն» իրար: Բայց առաջին հերթին մենք ենք «մեր տունը կռիվ գցել», մենք ենք «խառնվել» իրար: Առանց այն էլ մի տուն կորցրել ենք…

Այս գիտակցումով է, որ պետք է վերջ տանք ներքին «վեճերին»՝ կառուցելով մեր Նոր տունը, որի պատերն ու հարդարանքը կարող են մի քիչ այլ լինել, բայց որտեղ կապրենք առանց թշնամանքի, առանց վեճի, խաղաղ ու բոլորիս համար հարմարավետ պայմաններով: Որովհետև «հայրական տունը» միշտ էլ օրհնված է: Աստծո երեսից «չընկնենք»…