Ստեփանակերտում մնացած վերջին հայերն օրերս տեղափոխվել են Հայաստան․ այս մասին տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, գրել են նաեւ որոշ ադրբեջանական կայքեր՝ շեշտելով, որ ինքնակամ են հեռացել:
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Թորոսյանը գրել էր. «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով»։ Թե ովքեր են այդ անձինք, ինչ վիճակում են, չեն հրապարակում՝ պատճառաբանելով, թե չեն ուզում, որ նրանք թիրախավորվեն:
Սոցապնախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ նրանք դիմում են գրել նախարարությանը եւ այժմ պետական վերահսկողության տակ են: «Այժմ նրանց կարիքների գնահատում է տեղի ունենում, աջակցության միջոցառումներ, այլ տեղեկություններ հավելյալ չեմ կարող հայտնել»:
Մեր աղբյուրն ասում է, որ ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացին գրող Սերգեյ Օգալցովն է, որը 23-ի տեղահանումից հետո որոշել էր մնալ, քանի որ գիրք էր գրում, որի վրա աշխատել էր 8 ամիս: Նա մի քանի ստեղծագործություն ունի՝ «Վերադարձ անդառնալիից» գիրքը, «Մեկ հոգու քաղաքը» պատմվածքը: Նա դեռեւս 24-ին էր ցանկություն հայտնել վերադառնալ Հայաստան, միավորվել ընտանիքի հետ, բայց հաջողվել է միայն հիմա: Մյուսը Ստեփանակերտի բնակիչ Միշա Գրիգորյանն է, որը մի տեսանյութում զարմանում է, թե ինչու հեռացան հայերը: Ֆրեդ Հայրապետյանը, որը սիրում էր զբոսնել Ստեփանակերտի փողոցներով: Շների կացարանում աշխատող Ռիտան, որը չթողեց իր չորքոտանիներին ու նրանց հետ է վերադարձել: Մի տղամարդ, որը հոգեկան եւ ֆիզիկական շեղումներ ունի, եւ որին ադրբեջանցի երեխաները հալածում էին: Այս պահին հայտնի չէ, թե արդյո՞ք նրանք տեղահանվածների թվում են:
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ստեփանակերտում այլեւս հայ կամ ՀՀ քաղաքացի չի բնակվում:
Բռնի տեղահանվածների շրջանում լուրեր էին շրջանառվում, թե Ստեփանակերտում մնացած հայերի մի մասը ողջ չէ, մյուսները խոշտանգվել են, օրինակ` Միշա Գրիգորյանը՝ Գիպսի Միշիկը, որին բարեգործական ճաշարանում սնվելիս խոշտանգել են ադրբեջանցիները: «Միշիկի մատները կտրել են, ուղարկել են Գորիս, հիվանդանոցում է նա»,- պատմեց արցախցիներից մեկը։
Բռնի տեղահանվածներից մեկը պատմում է. «Օգալցովն իր տանն էր մնում: Այն ժամանակ քաղաքում միայն մենք էինք, հիմա բնակչություն կա, երեւի, անհնար է դարձել այնտեղ ապրելը»:
Թե ինչ վիճակում են Ստեփանակերտի վերջին հայերը, մասամբ տեղեկանում ենք առողջապահության նախարարի գրառումից. «Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 քաղաքացիներին դիմավորելու:
Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: 10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է»:






Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում