Քառասունչորսօրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանը խորհրդարանական երկրորդ ընտրություններն է անցկացնում: Այդ միջակայքում ձևավորվել, գործել, ինքնասպառվել-մարել կամ տակտիկական դադարի ռեժիմի են անցել ընդդիմադիր մի քանի շարժումներ:
Այսօր արդեն կարելի է ասել, որ ընդդիմության լայն կոնսոլիդացիա, ամենայն հավանականությամբ, չի ձևավորվի: Բայց դա չի խանգարի, որ, պայմանականորեն ասած, «եռաբևեռ» ընդդիմությունը մշակի քարոզչության միասնական կամ նույնական «մատրիցաներ»:
Դրանից մեկը, կարծես, իրեն արդեն զգացնել է տալիս: Դա հին կարգախոս է, որ հիշեցնում է 1988-ի «Շարժման ոգին» և ներշնչում, որ եթե այն ժամանակ հաջողվել է հասնել համազգային համախմբման և ձևավորել մեկ օրակարգ, ապա նույնը հնարավոր է իրականացնել Նիկոլ Փաշինյանին «անպատճառ և անհապաղ հեռացնելու» նպատակի դեպքում:
Տպավորություն է, որ այդ քարոզչության թիրախը երիտասարդությունն է: 1988-ի սերնդի ոչ մի ներկայացուցիչ այսօր չի ասի, թե մենք իրականում ունեցել ենք մեկ նպատակի շուրջ համազգային համախմբում, որովհետեւ Շարժման «կենտրոնական» և «տեղական խոհանոցներին» քիչ, թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք տեսել է թե ներքին «ֆրակցիաների» միջև սուր մրցակցություն, թե «խարդավանքներ» և ընչաքաղցություն, թե նաև քաղաքական «կոլաբորանտության» բազմաթիվ դեմքեր:
Բայց ամենաէականը նույնիսկ դա չէ, այլ՝ առաջադրվող նպատակի և դարաշրջանի ահռելի տարբերությունը և խնդրի նույնակերպ «փաթեթավորման» գործնական անհնարինությունը:
Շարժման հանրահավաքներին տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս, քանի որ ներշնչված էին, որ Խորհրդային Միությունում «պերեստրոյկա» և «գլասնոստ» է, իսկ Ղարաբաղյան խնդիրը Գորբաչովի քաղաքականության «առաջնահերթություններից» է:
Տեղեկատվական միջոցների սղության և տեղեկացվածության այլընտրանքային աղբյուրների իսպառ բացակայության պայմաններում Մոսկվայից վերադարձած Զորի Բալայանի՝ հանրահավաքային, Սիլվա Կապուտիկյան հեռուստատեսային ելույթները կարելի էր մատուցել որպես «Շարժման ձեռքբերում»:
Այսօր այդպես հնարավոր չէ: Մարդիկ հարկավոր տեղեկություն ստանում են ոչ միայն մամուլից և հեռուստատեսությունից ու սոցիալական հարթակներից, այլև՝ հենց կուսակցությունների գրասենյակներից, քաղաքական գործիչների «լայվերից», տարածաշրջանային և միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներից:
Պատկերավոր ասած, այսօր հնարավոր չէ հանրությանը բացահայտ խաբել, որ «Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ուրիշով փոխարինելու նպատակ ունի, մնում է, որ մենք մեր բաժին գործը անենք»,- ինչպես Շարժման մանավանդ առաջին փուլում էին ներշնչում, որ եթե «կես միլիոն մարդ Երևանում ոտքի կանգնի, Գորբաչովը Լիգաչովին և մյուս պահպանողականներին իրենց տեղը կդնի և կկայացնի Ղարաբաղը Հայաստանին միավորելու որոշում»:
Փաստերը՝ փաստեր, հիշողությունը՝ հիշողություն, բայց չպետք է անտեսել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Շարժման ոգուն համահունչ կոնսոլիդացիա ստեղծելու քարոզչության վտանգավորությունը. ոչ ոք այդպես էլ պատասխան չի տվել, թե ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու սահմանադրական պահանջով սկսված շարժումն ինչո՞ւ է փոխակերպվել հայ-ադրբեջանական զինված հակամարտության:
Եվ եթե Հայաստանում խորհրդարանական ընտրապայքարը հանկարծ փոխակերպվի «անպատճառ իշխանափոխության» ռադիկալ շարժման, հետևանքների համար ո՞վ է պատասխան տալու: Ղարաբաղյան նախադեպի ռեինկառնացիան չարաշուք է:

Բաց մի թողեք
Մագյարի կառավարությունը կշարունակի՞ Հունգարիան պահել Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ
Բաքուն գործ կունենա արդեն Վաշինգտոնի հետ, Հայաստանը՝ լուսանցքում
Մոսկվան և Բաքուն շատ սկզբունքային համաձայնության են եկել Հայաստանի վարչապետի մոսկովյան այցից ուղիղ երկու շաբաթ հետո