09/10/2024

Կանանց զբաղվածության մակարդակով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է. հրապարակվել է վարկանիշային ցանկը

Աշխարհում աշխատող տղամարդկանց թիվը 1,5 անգամ գերազանցում է աշխատող կանանց թվին, աշխարհի ընդամենը ինը երկրում է միայն, որ կանայք ավելի շատ են աշխատում:

Կանանց զբաղվածության համաշխարհային առաջատարներից է Հայաստանը, հաջորդում են Թուրքմենստանը և Բուրունդին:

Այս տեղեկությունները հասանելի են ամաշխարհային բանկի բաց վիճակագրական տվյալներից:

Նշվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունը տեղեկությունները հրապարակել է բավականին ուշացումով: Հրապարակված վիճակագրությունն արտացոլում է զբաղվածությունը 2022 թվականի վերջի դրությամբ։

Կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը. ցուցանիշը կազմում է 52,76 տոկոս։

Գրեթե հետ չի մնում ևս մեկ հետխորհրդային երկիր՝ Թուրքմենստանը (52,61%)։

Երրորդ հորիզոնականում է աֆրիկյան պետությունը, որն աշխարհի ամենաքիչ զարգացած երկրների շարքում է՝ Բուրունդին (51,96%):

Կանանց զբաղվածության մասնաբաժինը գերազանցում է տղամարդկանց ցուցանիշները ևս վեց երկրում։ Դրանք են՝ Մոզամբիկը (51,63%), Հարավային Սուդանը (51,30%), Զիմբաբվեն (50,68%), Բելառուսը (50,15%), Բարբադոսը (50,10%) և Լիտվան (50,06%):

Ռուսաստանը կանանց զբաղվածության 49% մասնաբաժնով հայտնվել է 22-րդ տեղում։

Ամենաքիչը կանայք աշխատում են Եմենում: Այնտեղ միայն յուրաքանչյուր 12-րդ աշխատողն է կին: