23/03/2025

Շատերս շատ բան գիտենք ու թերևս շատ ենք կարդացել Տերյան, սակայն կան շատերին անհայտ դիպվածներ, ահա մի քանիսը

Այսօր հայ մեծագույն բանաստեղծներից Վահան Տերյանի 140 ամյակն է։ Շատերս շատ բան գիտենք ու թերևս շատ ենք կարդացել Տերյան, սակայն կան շատերին անհայտ դիպվածներ, ահա մի քանիսը․

***

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար: Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա… Այս մասին գրել է Վարդգես Ահարոնյանը։

***

Շատ քչերին հայտնի մի փաստ. 1919 թվականի հունիսին, երբ Վահան Տերյանը Սոկոլնիկիի թոքախտավորների հիվանդանոցում էր, մի հեռախոսային խոսակցության ժամանակ խնդրում է կնոջը գրիչ առնել և գրել թելադրածը: Անահիտը գրում է.
Օ, կգան օրեր ավելի տրտում
Ու դժնի, դժնի, առավել դժնի.
Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,
Օ, կգան օրեր ավելի տրտում։
Կըլռե տրտունջն անամոք սրտում
Եվ փոշու նման ձանձրույթը կիջնի…
Օ, կգան օրեր ավելի տրտում
Եվ դժնի, դժնի առավել դժնի…
Այսպես է ծնվում Տերյանի վերջին ներշնչանքներից մեկը:

Ռաֆայել Իշխանյան; «Տերյանն ինչպես որ կա» գրքից

***

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը… Վահան Տերյան; Ա. Միսկարյանին հասցեագրած նամակից

***

1957 թվականի ամռանը հայ ուսանողներով լեցուն մի գնացք Երևանից Ղազախստան էր մեկնում: Խամ ու խոպան հողերի յուրացման բուռն տարիներն էին: Եվ ահա ուսանողներն իմանում են, որ իրենց գնացքն անցնելու է Օրենբուրգով՝ այն քաղաքով, որտեղ իր կյանքի վերջին օրերն է անցկացրել ու թաղվել է Վահան Տերյանը: Բոլորը սրտատրոփ սպասում են այդ պահին: Ամբողջ գիշեր ուսանողները մեկը մյուսին հերթ չտալով Տերյան են ասմունքում:

Վերջապես գնացքը կանգ է առնում Օրենբուրգում: Կանգառը պիտի տևի մեկ ժամ: Բոլորը դուրս են նետվում վագոններից: Ոմանք տաքսիներ են գտնում, ոմանք տեղացիներից հեծանիվներ են խնդրում, մյուսները ոտքով շարժվում են դեպի քաղաքային գերեզմանատուն… Սկսվում է Տերյանի շիրմաթմբի որոնումը: Նայում են գերեզմանատան բոլոր անկյունները, հարցուփորձ են անում, նորից են որոնում: Չկա: Ոչ ոք ոչինչ չգիտի, ոչինչ չի լսել, գերեզման չի տեսել… Օրենբուրգի փողոցներով դեպի կայարան էր շարժվում մի մեծ թափոր: Հայ ուսանողներն էին: Լուռ, դանդաղաքայլ, տխուր ու ձեռնունայն: Բայց դա չարդարացված հույսերից վհատվածների վերադարձ չէր: Դա վշտի երթ էր: Կարծես հենց նոր նրանք էին հողին հանձնել հայ մեծ բանաստեղծին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։

May be a doodle of 1 person and overcoat

Translate »