17/04/2026

EU – Armenia

Չինաստանի հետ Ռուսաստանը, կարծես, ավելի ապահով և հարգված է զգում

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը փոխում է ոչ միայն ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը և կամ էներգակիրների միջազգային շուկան, այլև երկարատեւ ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների վրա:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության պրոֆեսոր Ալեքսեյ Ֆոմենկոն չի կիսում տարածված տեսակետը, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմին «ներքաշվել է հրեական լոբինգի ազդեցությամբ»:

Ռուսաստանցի հեղինակավոր գիտնական-քաղաքագետը համոզված է, որ այդ պատերազմում Միացյլալ Նահանգների ձգտում է հասնել երեք առաջնահերթության միջազգայնացման:

Ֆոմենկոն դրանք թվարկում է հետևյալ բովանդակությամբ և հերթականությամ:

Առաջին. «ԱՄՆ-ը իրավունք ունի զինաթափել ցանկացած երկրի ռեժիմ, եթե այն ճանաչի վտանգավոր»:

Երկրորդ. «Վաշինգտոնը իրավունք ունի ֆիզիկապես ոչնչացնել իր համար անցանկալի ռեժիմի ղեկավարին»:

Երրորդ. «Վաշինգտոնը իրավունք ունի իր համար նպաստավոր պահի պատերազմ սկսել, չնայած որ մինչ այդ գտնվում էր բանակցությունների ռեժիմի մեջ»:

Այս առաջնահերթությունները միջազգայնորեն ընդունելի դարձնելու ԱՄՆ ձգտումները, ինչպես ռուսաստանցի քաղաքագետն է «Նեզավիսիմայա գազետա»-ի համար հեղինակային հոդվածում բնորոշել՝ «լրջորեն փոխում են միջազգային հարաբերությունների գաղափարախոսական ճարտարապետությունը»:

Չափազանց ուշագրավ է, որ Ֆոմենկոն «միջազգային հարաբերությունների գաղափարախոսական ճարտարապետության» փոփոխությունը գնահատում է Չինաստանի համար խորքային գործընթացի վտանգավորության կտրվածքով:

Դա պարզ ակնարկ է, որ ԱՄՆ հետ հարաբերություններում «ուժերի հավասարակշռության» համար Ռուսաստանը օգտագործում է Չինաստանի հնարավորությունները, գործում այն միջավայրում, որի մի շարք, այդ թվում և՝ անվտանգային բաղադրիչները փաստացի «արտադրված են Չինաստանում»:

Ռուսաստանցի գիտնական-քաղաքագետի սեղմ, բայց բովանդակային առումով հագեցած վերլուծությունից ուղղակի հետեւում է, որ բավական է Իրանում ԱՄՆ-ը ռազմավարական հաղթանակ տոնի և սկսի Չինաստանի նկատմամբ գործի դնել նրա ազատ առևտրի հայեցակարգը սահմանափակող միջոցներ, որպեսզի վերջնականապես բացահայտվի, որ Ռուսաստանն, իրոք, «կավե ոտքերով հսկա» է:

Հեղինակը համոզված է, որ ԱՄՆ-ը գործնականում ապացուցել է, թե ինչպես է «ռազմական ճանապարհով արգելափակում Չինաստանի տնտեսական ներթափանցումը աշխարհի ցանկացած տարածաշրջանում»:

Ըստ Ֆոմինի, Միացյալ Նահանգները «շատ հեշտությամբ կարող են խափանել չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը: Վերջապես, ԱՄՆ-ը «ապացուցել է, որ դիվանագիտական գործիքակազմը չի աշխատում, բանակցությունները արդյունավետ չեն լինի, եթե հակառակորդն ի սկազբանե հակված է ռազմական բախման»:

Վերլուծությունը կատարվել է, կարծես, ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների գագաթաժողովին ընդառաջ և, ինչպես հասկացվում է, «մատնում է Ռուսաստանի վախերը»: Վերջին տասնամյակում, չնայած Մոսկվա-Պեկին համագործակցությունը ֆորմալ կրել է ռազմավարական բնույթ, միջազգային քաղաքականության մի շարք սկզբունքային հարցերում Սի Խինփինը կարողացել է պահպանել ԱՄՆ-ի հետ հավասարակշռությունը:

Այժմ փորձության է դրվում Ռուսաստանի հետ նրա հեռանկարը: Թրամփը կարող է Ռուսաստանին աշխարհաքաղաքական միջավայրի նոր ընտրություն առաջարկել: Չինաստանի հետ Ռուսաստանը, կարծես, ավելի ապահով և հարգված է զգում:

ԱՄՆ դեպքում դա, բնականաբար, չի լինի, այտեղ գործում է «Ամերիկան՝ ամեն ինչից վեր» սկզբունքը: Բայց հարց է, Թրամփին կհաջողվի՞ այն ընդունելի դարձնել նաև Չինաստանի համար, թե՞ հարկ կլինի մի պատերազմ էլ սկսել Ասիա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանում: