Մայիսի 16-ին մի խումբ մտավորականներ Մայր Աթոռում հանդիպել էին Վեհափառի հետ: Կազմակերպիչը Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանն է:
Հրապարակը զրուցել է նրա հետ:

– Ո՞րն էր հանդիպման նպատակը:
– Կարծում եմ՝ այդ անհրաժեշտությունն այնքան ակնհայտ է այսօրվա իրողությունների, թոհուբոհի մեջ, երբ որ մեծ հարվածներ են ստանում նաեւ մտավորականները եւ ասում են` ինչու են լռում, չեն խոսում, չեն արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր մեր շուրջ: Ես մտածեցի` հայ մտավորականն այսօր ամենից շատ ինչի՞ շուրջ է մտահոգված՝ երկրի վիճակի: Այս վիճակը քաղաքական գործիչներն են ստեղծել, իրենք էլ պիտի լուծեն, բայց հայ մտավորականին ամենաշատը պետք է հուզի, հետաքրքրի մեր հիմնարար արժեքների եւ, առաջին հերթին, Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող այս արշավին ինչ-որ ձեւով արձագանքելը: Մանավանդ որ, այսպես ձեւակերպեմ, մասնակից քաղաքական ուժերից մեկն իր նախընտրական ծրագրում գրել է` ուղղակիորեն վատ արշավ Հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի դեմ: Հենց այդ պատճառով, իրար հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այդ մտահոգությունները կիսել, նաեւ լսել Վեհափառին` իր դիտարկումները, իր մոտեցումներին ծանոթանանք: Կարծում եմ, որ շատ օգտակար հանդիպում ստացվեց, եւ կարելի է ավելի ընդլայնված հանդիպում կազմակերպել: Ուղղակի քանի որ Վեհափառը շատ լուռ եւ այս իրականությանը չհարմարվող տեսակետ ու քաղաքականություն է որդեգրել, ապա ես կարծում եմ, որ դա իր նպաստը բերել է: Իր խոսքն էլ պիտի հնչի:
– Կարծում եք, որ իր խոսքը չի՞ հնչում բավարար կերպով:
– Այնպիսի բաների մասին պատմեց, որոնց մասին լայն հասարակությունը նույնիսկ չգիտի:
– Օրինակ՝ ինչպիսի՞:
– Դա արդեն իրեն ուղղված հարց է, գաղտնիք չէ` եթե ինքը նպատակահարմար չի գտնում դա բացել լայն հասարակության առջեւ, կիսվում է մտավորականների հետ: Ի դեպ, մտավորականների աջակցությունը շատ ոգեւորիչ էր իր համար նաեւ, բայց ինձ եւ մեր ընկերներից շատերի համար շատ կարեւոր էր տեսնել, թե որքան հավասարակշռված, հանգիստ եւ հաստատուն է Վեհափառ հայրապետը, եւ այն բոլոր միֆերը, տարբեր խոսակցությունները, որ իր մասին տարիներ շարունակ՝ տասնամյակներ, տարածվում էին, որեւէ աղերս չունեն այն իրականության հետ, որը կա, եւ որը մենք, ըստ էության տեսնելով, ցավոք սրտի, չենք գնահատել այսքան ժամանակ: Այն հանգամանքը, թե ինչ մեծ աշխատանք է ինքը տարել Հայ առաքելական եկեղեցու` ե՛ւ կառույցի, ե՛ւ զարգացման, ե՛ւ իր բոլոր սոցիալական ծրագրերը, ե՛ւ հայորդաց տները, ե՛ւ ճաշարանները, բարեգործական, հսկայական աշխատանք է տարել, ինչն ինքը համարում է, որ դա իր առաքելությունն է, իր գործն է, եւ դա պետք է աներ անկախ ամեն ինչից: Բայց այդ արվածը չգնահատելը ․․․էլ չասեմ այն հանգամանքը, թե Մայր Աթոռն ինչպես է դարձել մի հայկական Վատիկան․ ուղղակի հպարտանում ես՝ մտնելով ներս:
– Եղե՞լ են մտավորականներ, որոնք հրաժարվել են գալ Վեհափառի հետ հանդիպման:
– Բացարձակ, ընդհակառակը՝ ինձ հետ նույնիսկ մի քանի հոգի կապվեցին, ասում էին` ինչո՞ւ մեզ չէիք տեղեկացրել: Շատ-շատերը կան, որ կիսում են մեր մոտեցումները, մեր անհանգստությունները, բայց քանի որ մտածեցի, ու Վեհափառի հետ քննարկել էինք մի քիչ փոքր խմբով հանդիպել, բայց այնպիսի խումբ, որը տարբեր ոլորտներ է ներգրավում: Այնտեղ այնպիսի մարդիկ էին հավաքված, որ չքաղաքականացված էին, այսինքն՝ քաղաքական նախասիրությունների խնդիր չկար: Բոլորին իր շուրջը համախմբել էր Հայ առաքելական եկեղեցու շուրջ տարվող այս քաղաքականության մտահոգությունը, եւ ես կարծում եմ, որ այդ բանակը շատ ավելի մեծ է:
– Քաղաքական հարցեր՝ մասնավորապես ընտրությունների հետ կապված, քննարկվեցի՞ն:
– Իհարկե, ստեղծված իրավիճակը քաղաքական է, հասկանում էինք, որ կա այդ արշավը, որը խիստ հակասահմանադրական է, բայց օրինական ընթացք տալ դրան՝ դա ուղղակի անթույլատրելի բան է, եւ դա էր հիմնական խթանը, որ, ի վերջո, փորձենք կիսվել մեր մտահոգություններով եւ լսել Վեհափառին:
– Ենթադրում ենք, որ նման հանդիպումները շարունակական են լինելու:
– Չգիտեմ` կլինի նման հանդիպում նորից, թե՝ ոչ, բայց շատերն են ցանկանում: Խնդիրն այն է, որ ուղղակի ամեն մեկն իր տեղում այդ մտահոգությունը բարձրաձայնի, կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետեւ, ըստ էության, այդ կազմը, որ հավաքվել էր, մենք ընդամենը ներկայացուցիչներն էինք այն մտավորականության, որ մտահոգված է այս հարցով: Բայց բանակը շատ ավելի մեծ է, վստահաբար: Այստեղ քաղաքական նախասիրության հարց չկա, մենք բոլոր այն մտավորականների հետ ենք, ովքեր կանգնած են Հայ առաքելական եկեղեցու կողքին եւ պատրաստ են պաշտպանել մեր սուրբ եկեղեցին ու Վեհափառ հայրապետին: Մեր նախասիրությունը դա է, մեր քաղաքական, եթե կուզեք` քաղաքական նախասիրությունը դա է:
– «Մենք» ասելով նկատի ունեք Վեհափառի հետ հանդիպման գնացած մշակույթի գործիչների՞ն:
– Այո, այդ խմբին եւ ասում եմ՝ այդ բանակը շատ ավելի մեծ է, որովհետեւ ես նախնական մտածում էի, որ ավելի մեծ խմբով հանդիպենք, բայց հետո այդպես որոշվեց, սակայն դա նշանակություն չունի, ավելի մեծ խմբի ներկայացուցիչներն էինք:
– Դուք նշեցիք, որ մտավորականներին մեղադրում են երկրում ու երկրի շուրջ տեղի ունեցողի մասին դիրքորոշում չհայտնելու համար: Սա կարո՞ղ ենք դիտարկել որպես հայ մտավորականության դիրքորոշում՝ Եկեղեցու դեմ տարվող պայքարում:
– Այո, այո, ես համոզված եմ եւ չեմ պատկերացնում հայ մարդ, մտավորական, այն էլ՝ մտավորական, որը կանգնած չլինի մեր հոգեւոր հիմնական արժեքի շուրջը, կողքին, որովհետեւ մեր ամբողջ մշակույթը, այն մշակույթը, որով մենք հպարտանում ենք՝ սկսած եկեղեցաշինությունից, մատենագրությունից, հոգեւոր երաժշտությունից, մանրանկարչությունից, այբուբենից, ամբողջի համար պարտական ենք Եկեղեցուն եւ հոգեւորականությանը: Այն բոլոր սրբերը, ուղղակի սրբությամբ ենք այդ անունները տալիս՝ Մաշտոցից, Նարեկացուց մինչեւ Կոմիտաս, բոլորը հոգեւորականներ են: Ընդհանրապես, մեր մշակույթը, պատմական մշակույթը, վանական մշակույթը․․․ ո՞նց կարող ենք մենք դրա կողքին չլինենք: Բա որտե՞ղ լինենք, ինչի՞ կողքին լինենք: Ընդհակառակը` մենք պետք է ողջունենք, սատարենք եւ ամեն գնով փորձենք ապահովել ընթացքը, շարունակությունը:

Բաց մի թողեք
Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ Լուսանկար
Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն․ Լուսանկար
Հայաստանում դուրս չեն գալիս, որովհետեւ տուն ճանապարհելու օրը հունիսի 7-ն է