15/08/2026

EU – Armenia

Ադրբեջանցի նավաստիները հացադուլ են անում

Թուրքական Cunda Shipping նավագնացության ընկերությանը պատկանող «Նիկոլայ Մեշկով» բեռնատար նավի վրա աշխատող մի խումբ ադրբեջանցի նավաստիներ հացադուլ են անցկացնում Սամսուն Թերմե նավահանգստում՝ երեք ամսվա չվճարված աշխատավարձի պատճառով։

Նավը կրում է Պալաուի դրոշը և կառուցվել է 1980 թվականին։ Նավի վրա աշխատող ադրբեջանցիների կողմից սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը հրաժարվում է վճարել նրանց աշխատավարձը. ցուցարարներին խորհուրդ է տրվում լքել նավը և վերադառնալ Ադրբեջան։

Deniziscileri Instagram-ի էջում ադրբեջանցի նավաստիների մասին տեղեկատվությանը մեկնաբանած օգտատերը պնդում է, որ ընկերությունը իրեն պարտք է 11,000 դոլար։

Cunda Shipping-ը հիմնադրվել է 2008 թվականին և ունի ներկայացուցչություն Բաքվում։ Ընկերության կողմից կառավարվող «Ցիրկոն» չոր բեռնատար նավը հունիսի սկզբին Ազովի ծովի Տագանրոգի ծոցում ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։