Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը օոգոստոսի 13-14-ին պաշտոնական այցով գտնվել է Կահիրեում, որտեղ Եգիպտոսի պաշտոնակից Բադր Աբդելաթի հետ երկու երկների Ծրագրավորման համատեղ խմբի նիստի է գումարվել։
Ֆիդանը նաև բանակցություններ է վարել Եգիպտոսի հետախուզության պետ գեներալ Հասան Ռաշադի հետ։ Քննարկումների ավարտին նա Իսրայելի հասցեին շատ կոշտ հայտարարություն է արել՝ զգուշացնելով, որ Անկարան Կահիրեի և Դոհայի հետ կարող է «դիմել արմատական քայլերի», եթե Միացյալ Նահանգները Նաթանյահուի կառավարության «նկատմամբ ճնշում չգործադրի», որպեսզի Գազայի կարգավորման «երկրորդ փուլի պայմանավորվածությունները կատարվեն»։
Ֆիդանը հավելել է, որ պաղեստինյանը կողմը «անհրաժեշտ փոխզիջումների է գնացել, մինչդեռ իսրայելական ղեկավարությունը շարունակում է ձգձգել և փլուզել խաղաղ գործընթացը»։ Նրա ներկայացմամբ՝ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը «շարունակում են համատեղել ջանքերը, որպեսզի հասնեն կրակի երկարաժամկետ դադարեցման և նոր էսկալացիան կանխեն»։
Ֆիդանի Կահիրե այցին լրացուցիչ լարվածություն է հաղորդել մի լուսանկար, որտեղ նա պատկերված է Իսրայելը բացառող տարածաշրջանային քարտեզի ֆոնին։
Հատկանշելով այդ իրողությունը, Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է հրեական պետության դեմ «սպառնալիքներ հնչեցնելու» մեջ և մասնավորեցրել, որ Անկարան «ապաստան է տրամադրում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը և իրավասու չէ որոշել Գազայի հատվածում Իսրայելի անվտանգության միջոցները»։
Իսրայելի ԱԳՆ-ն վերահաստատել է, որ առանցքային պայմանները մնում են անփոփոխ՝ «ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում և Գազայի ապառազմանականացում»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն մերժել է Գազայում կարգավորման երկրորդ փուլի ամերիկյան առաջարկությունները։ Իսրայելական մամուլը այդ առթիվ տեղեկություն է տարածել, որ եկող շաբաթ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Քուշները «կայցելի Երուսաղեմ և կփորձի տարաձայնությունները հաղթահարել»։ Ըստ աղբյուրների, նա կուղևորվի նաև Կահիրե և Դոհա։
Անցյալ շաբաթասկզբին ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի ներկայացուցիչները հայտարարել են, որ «զինաթափման առաջարկությունը ընդունել» են, բայց խմբավորման դաշտային հրամանատարները լրացուցիչ պարզաբանել են, որ դա «տեղի կունենա Գազայից իսրայելական բանակի հեռանալուց հետո»։
Իսրայելը իր հերթին Գազայից զորքերի դուրսբերումը պայմանավորում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման և զինապահեստների նկատմամբ միջազգային հսկողություն հաստատելու հետ։
Կահիրե Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցի շուրջ տեղեկատվությունը վկայում է, որ թուրք-իսրայելական տարաձայնությունները ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ դրսևորում են սրացման միտումներ։
Ավելին, Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունները պայմանավորում է Նաթանյահուի նկատմամբ ամերիկյան կողմի ճնշումներով և սպառնում, որ եթե այն արդյունավետ չլինի, ապա Անկարան, Կահիրեն և Դոհան «արմատական քայլերի կդիմեն»։
Ճիշտ է, նա շեշտել է, որ դրանք «դիվանագիտական և քաղաքական» բնույթ կունենան, բայց միջազգային պրակտիկայում ոչ ոք պատերազմի հավանականության մասին ավելին չի ասում։

Բաց մի թողեք
Նիկոլը վարչապետ է, եւ վե՞րջ …
Ռուսաստանը հայ – իրանական համագործակցությունը չի ողջունում
Իրանի դեմ ամերիկյան պատերազմը «ռազմավարություն չունի, ԱՄՆ-ում խառնաշփոթ է տիրում