20/05/2026

EU – Armenia

3 տեսլականի միջեւ է ընտրությունը

Քանի գնում, թեժանում է քարոզարշավը: ՔՊ-ն արդեն բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Հրապարակ թերթի հետ զրույցում մեկնաբանել է քարոզարշավը.

«19 քաղաքական ուժ է մասնակցում, բայց բովանդակային, իմաստային տեսակետից 3 տեսլական կա` իրարից տարբերվող: ՔՊ կուսակցության տեսլականն է՝ լինել խաղաղ, սուսուփուս ճանապարհ բացել, Հայաստանը վերածել մի տարածքի՝ դիմանկար չունեցող: Հայաստանի տարածքով արեւելքից արեւմուտք գնան բեռնատարները` հասնելով Կենտրոնական Ասիա, հումք վերցնեն, նորից Հայաստանի տարածքով տանեն դեպի Եվրոպա: Այսինքն՝ զուտ վերածվենք տարածքի, որեւէ խոսք ազգայինի, ապագայի մասին չկա: Եվ մի բան էլ՝ ուտենք, խմենք, մինչեւ կմեռնենք: Երկրորդը․ ի տարբերություն ռուսամետ ուժերի, ինչպես ընդունված է ասել՝ 3 ընդդիմադիր ուժերն են, որը տեսլական է առաջարկում, ըստ որի՝ Եկեղեցու նկատմամբ հալածանքները դադարում են, զարգանում է տնտեսությունը, ունենալ, իհարկե` ոչ 300 հազար, բայց այնուամենայնիվ՝ աշխատատեղեր:

Այսինքն՝ դու լինում ես օբյեկտ, գոնե պահպանում ես ազգային ինչ-որ բան: 3 ուժերի մեջ «Հայաստան» դաշինքը նշում է, որ կարելի է Արցախի ազատագրման հետ կապված ինչ-որ ծրագրեր ունենալ, ի տարբերություն «Ուժեղ Հայաստանի», որը նշում է, որ հարեւան երկրի հանդեպ տարածքային նկրտումներ չունի: Իսկ «Հայաստան» դաշինքն ասում է, որ Արցախը պետք է ազատագրի, սա նշանակում է, որ, այսպես թե այնպես, դու նկրտում ունենում ես, իսկ դա, բնականաբար, հանգեցնում է Հայաստանի՝ սուբյեկտ դառնալու գործընթացին: Եթե տարածքային նկրտում չունես` մի քանի գործարան, ֆաբրիկա ես կառուցում եւ Եկեղեցուն չես հալածում, դու լավագույն դեպքում մնում ես օբյեկտ, չես դառնում, ՔՊ-ի ասած՝ հարթ ճանապարհ: Եթե դու Արցախի հարցն ես բարձրացնում եւ փորձում ես հասնել Արցախի վերաազատագրմանը, արդեն սուբյեկտի նշանակություն ես ձեռք բերում:

Հայաստանը սուբյեկտ էր, երբ Արցախը կար, իհարկե՝ ունենալով դաշնակիցներ: Երրորդը ներկայացնում է Ազգային ժողովրդավարական բեւեռը, որը նույնպես դեմ լինելով ՔՊ-ի տեսլականին, իր տեսլականն է ներկայացնում, այն է՝ Հայաստանը դաշնակից է ԱՄՆ-ի հետ, պետք է փորձի ձգտել, հասնել այն մեծ Հայաստանին, որը Քուռ-Արաքսից կհասնի մինչեւ Վիլսոնի կողմից գծված սահման: Տակտիկական տեսակետից կարող եմ ասել, որ բոլոր քաղաքական ուժերը շատ աղքատիկ, թույլ… տպավորություն է, որ Հայաստանում ընտրական տեխնոլոգիաներ չեն զարգացել` 1995 թվականի ընտրությունն է: Ընդամենը փողոցում քայլել, թռուցիկներ բաժանել, որոնք մեծ իմաստով անորակ են արված, դա բազմաթիվ տեխնոլոգիաներից մեկն է, ո՛չ ամենակարեւորը»:

Փաշինյանը մի ձայնագրություն ցուցադրեց եւ սպառնաց, դա ի՞նչ է` Փաշինյանի հերթական մանիպուլյացիա՞ն։ «Այդ ձայնագրությունը բանի տեղ մի դրեք, կանխամտածված սեւ փիառ են անում: Հիմա արհեստական բանականության միջոցով ցանկացած բարբառով կարող են մի այնպիսի ձայնագրություն հրապարակել, որ, օրինակ, Քենեդուն ղարաբաղցիներն են սպանել: Լարումն ինչի է տեղի ունենում, ոչ միայն խաղադրույքն է մեծ, այլեւ եթե դու լարում ես քաղաքական գործընթացը, մրցակցի ընտրազանգվածի ձայները բերում ես քեզ: Գուցե դա բեմականացրած ձայնագրություն է, որը դնում է շրջանառության մեջ՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ուժեղ տղա է: Բայց ոնց որ մթնոլորտ է կտրուկ փոխվում` այ, դա է ստիպում իշխող ուժին գնալ սեւ փիառի, տեսնում են, որ հանրության տրամադրությունները կտրուկ փոխվում են՝ ընդդեմ իշխանության: …Պետք է նշենք, որ, ի տարբերություն նախորդ 35 տարվա, այս ընտրությունները ոչ այնքան հայաստանյան, որքան արտաքին աշխարհաքաղաքական ուժերի պայքարն է ՀՀ տարածքում: Եթե դա Ուկրաինայում կրում է ռազմական առճակատման բնույթ, Հայաստանում կրում է քաղաքական հակամարտության բնույթ, որի ժամանակ օգտագործում են բոլոր հնարավոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ մանիպուլյացիան կամ սեւ փիառը: Սա աշխարհաքաղաքական կենտրոնների բախումն է Հայաստանում, եւ մի կողմի հաղթանակը նշանակում է մյուս կողմի ուղղակի վերացում Հայաստանից: Մի կողմը ԵՄ-ն է, Բրիտանիան, ինչ-որ չափով՝ Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն: Մյուս կողմը՝ Ռուսաստանը, ինչ-որ չափով՝ Իրանը: Իշխող քաղաքական ուժի վերարտադրման դեպքում Հայաստանից ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը շատ կարճ ժամանակում վերացվելու է»: