Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դեմ է արտահայտվել Հորմուզի նեղուցում նավերի անցմանը այն երթուղիներով, որոնք չեն համաձայնեցվել Իրանի իշխանությունների հետ։
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը հայտնել է, որ նավերն արդեն սկսել են տարանցել Հորմուզի նեղուցով՝ Պարսից ծոցում մնացած հազարավոր նավաստիների տարհանման ծրագրի շրջանակներում։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «որոշակի մարմիններ» հայտարարել են Հորմուզի նեղուցով նավերի համար նոր երթուղու մասին՝ «առանց Թեհրանի հետ նախնական ծանուցման» կամ համակարգման։ ԻՀՊԿ հրամանատարությունը նոր երթուղին անընդունելի է անվանել։
«Հորմուզի նեղուցով միակ թույլատրված երթուղիները Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանվածներն են», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Կորպուսն ընդգծել է, որ թույլատրված երթուղիներից դուրս նավերի ցանկացած անցում արգելվում է, և միջոցներ կձեռնարկվեն այդ կանոնները խախտող ցանկացած նավի դեմ։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտնել էր, որ այդ պահին Հորմուզի նեղուցով անցել է մոտ 72 նավ, որոնք տեղափոխել են մոտ 20 միլիոն բարել նավթ։
Հունիսի 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ-ն հեռակա կարգով ստորագրել էին հուշագիր, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը։ Հուշագրում նաև սահմանվում են ժամկետներ ԱՄՆ-ի համար՝ վերացնելու ծովային շրջափակումը, իսկ Իրանի համար՝ վերականգնելու Հորմուզի նեղուցում նավարկությունը։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չձեռք բերել միջուկային զենք, և Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի առանձին համաձայնագրով։ Կողմերը այս հարցի շուրջ բանակցություններ կվարեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար արդյունքը ենթադրաբար կլինի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը։


Բաց մի թողեք
Ինչպես Շվեդիայի Էբա Բուշը ցնցեց Եվրոպայի էներգետիկ ցանցը
Միացյալ Թագավորությունը հայկական մի շարք ապրանքների համար սահմանել է արտոնյալ առևտրային ռեժիմ. Լուսանկար
Կոտայքի ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել