29/06/2026

EU – Armenia

Միջին վիճակագրական հայաստանցի սուտ արեւմտամետին երկատելու դաժան իրավիճակ

«Նկատի ունեմ այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, պաշտպանությունը և տարածաշրջանային կայունության ապահովումը։

Եթե խոսենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարևոր դեր է խաղում։ Իսկ եթե դուրս գանք Մերձավոր Արևելքի սահմաններից, ապա կա նաև Կովկասը, որտեղ Թուրքիան նույնպես շատ կարևոր դեր ունի։

Հենց այդ պատճառով է կարևոր նման քննարկումներ անցկացնելը և հասկանալը, թե ինչ կարող ենք անել միասին», հայտարարում է Կայա Կալլասը Թուրքիայում, խոսելով, որ Անկարան ռազմավարական կարեւորության գործընկեր է:

Իսրայելի՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու ֆոնին, Կայա Կալլասի այս հայտարարությունը շատ դաժան է հայաստանյան արեւմտամետների հանդեպ: Որովհետեւ արեւմտամետությունը Հայաստանում ունի մի լատենտ, իսկ շատ դեպքերում նաեւ բացահայտ ակնածանք Իսրայելի հանդեպ:

Օրինակ, նրանք արցախյան 44-օրյա պատերազմի համար կարող են բզկտել ում ասես, բայց ոչ այդ պատերազմում Ադրբեջանին ամենաէական ռազմա-տեխնոլոգիական օգնությունը ցուցաբերած Իսրայելի կառավարությանը: Իսրայելը նրանց համար «ամենաարեւմուտք» է, որովհետեւ նաեւ ԱՄՆ դաշնակից է:

Հիմա, ԱՄՆ դաշնակիցը ճանաչում է ցեղասպանությունը, իսկ ահա Կայա Կալլասը, որը եր արեւմտամետների համար գրեթե «մայր Թերեզա» է եվրոպական քաղաքականության համատեքստում, խոսում է Թուրքիայի կարեւորության մասին:

Սա միջին վիճակագրական հայաստանցի արեւմտամետին երկատելու դաժան իրավիճակ է:

Իհարկե բոլոր տողերում «արեւմտամետը» կարդալ չակերտներով, որովհետեւ Հայաստանում գործնականում չկա այդպիսի քաղաքական կատեգորիա որպես այդպիսին: Կա ընդամենը երկրպագուական, կամ ֆան-ակումբի տրամաբանություն, ու նաեւ մրցակցություն, թե ով է ավելի հավատարիմ երկրպագու: Ի վերջո, մրցակցությունը նաե դրամաշնորհ արժե, կամ այլ շնորհներ:

Հակոբ Բադալյան