29/06/2026

EU – Armenia

Տոկաևի քայլը վկայում է, որ ՀԱՊԿ-ում ինչ-որ քննարկումներ սպասվում են

Կենտրոնական Ասիայի երկրների սոցիալական հարթակներում և թելեգրամ-ալիքներում տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանը Ղազախստանին և Ղրղըզստանին «առաջարկել է անհրաժեշտության դեպքում Բելառուսին ռազմական աջակցություն ցուցաբերել, բայց Աստանան և Բիշքեկը դրական չեն պատասխանել»։

Ենթադրվում է, որ Ուկրաինան «կարող է Բելառուսի դեմ ռազմական գործողություններ սկսել, իսկ այդ դեպքում ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի Մինսկի խնդրանքին»։

Որոշ փորձագետներ նկատել են, որ Մոսկվան «կարող է հիշեցնել Ղազախստանում անկարգությունները»։ Խոսքը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի խնդրանքի մասին է, երբ ՀԱՊԿ-ը միջամտել է «պետական հեղաշրջման փորձի կանխմանը»։

Տեղեկատվական ֆոնի ձևավորմանը լրջորեն նպաստել է Ղազախստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, ըստ որի հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 2-ը «զորամասերում և ռազմական հաստատություններում զորքերը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելու համար անցկացվելու են համալիր տակտիկա-զորաշարային միջոցառումներ»։

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին իրազեկել է, որ այդ միջոցառումների հետ կապված «իրականացվելու է ռազմական տեխնիկայի տեղաշարժ, ինչի հետևանքով կարող են լինել տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ»։

Այս իրազեկումը արտառոց չէր դիտվի, եթե Ղազախստանի ռազմական գերատեսչությունը երկրի հանրությանը միաժամանակ չհորդորեր «վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։

Կարելի է ենթադրել, որ Բելառուսին «ռազմական աջակցություն ցուցաբերելու» մասին սոցիալական մեդիայի և թելեգրամ-ալիքների տարածած լուրերը հանրության շրջանում անհանգստությունների տեղիք են տվել։

Պարզ չէ նաև, թե «զորքերը մարտական բարձր պատրաստակամության բերելու» նպատակով իրականացվելիք գործողությունները ի՞նչ անհրաժեշտությամբ են պայմանավորված կամ, ավելի պարզ ասած՝ Ղազախստանում ռազմա-քաղաքական ի՞նչ սցենար է մշակվում։

Ղազախստանի բանակը մարտական բարձր պատրաստվածության է բերվում Բելառուսին ռազմական օգնության հասնելո՞ւ, թե՞ երկիրը որևէ արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար։

Հնարավոր է, Ղազախստանի նախագահը նման որոշում կայացրել է բացառապես քաղաքական նպատակներով, որպեսզի ցուցադրի սեփական հնարավորությունները։

Ամեն դեպքում Տոկաևի այդ քայլը վկայում է, որ ՀԱՊԿ-ում ինչ-որ քննարկումներ սպասվում են։