01/11/2026

EU – Armenia

Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին

Փաշինյանի հայտարարությունը հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ահա թե ինչպես է առաջինն ինքը գոռում․ «Ազգային ժողովի դահլիճում կազմակերպված միջոցառումը ուրիշ նպատակ ուներ, և շատ լավ է, որ այդ նպատակը ձախողվեց»։

Փաշինյանը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն անվանում է «միջոցառում»։ Այսինքն՝ խորհրդարանական լուրջ բախումը ներկայացնում է որպես սովորական ակցիա՝ փորձելով նսեմացնել կատարվածի քաղաքական կշիռն ու պատասխանատվությունը։ Իբր ընդդիմադիրները մի բան էին ծրագրել, բայց նրանց ծրագիրը ձախողվեց։ Միջոցառումը նախապես ծրագրված գործողություն է։ Փաստորեն, Փաշինյանն ինքն է խոստովանում, որ Ազգային ժողովում տեղի ունեցածը կազմակերպված է եղել։ Իսկ քանի որ, ինչպես միշտ, սեփական պատասխանատվությունը վերցնելու սովորություն չունի, այս անգամ էլ այն փորձում է բարդել ընդդիմության վրա։ Դասական՝ «բռնե՛ք գողին» հնարքը։

Սակայն նրա հաջորդ հայտարարությունը շատ ավելի խոսուն է։ Մեջբերեմ ընդամենը մեկ նախադասություն.
«Իսկ ի՞նչ, վարչապետի ուղղությամբ շիշ շպրտե՞ն ու բերանները չջարդե՞ն դրա համար։ Իրենք պետք է իրենց տեղը իմանան։ Ամեն ինչ սահմաններ ունի»։

Այսքանից հետո նույնիսկ յոթ տարի նույն դասարանում մնացածների համար պիտի պարզ լինի, թե ով է տվել «բերանները ջարդելու» քաղաքական պատվերը։ Երբ երկրի վարչապետն անձամբ արդարացնում է ֆիզիկական հաշվեհարդարը և հայտարարում, որ ընդդիմադիրները պետք է «իրենց տեղն իմանան», դժվար է հավատալ, թե խորհրդարանում տեղի ունեցածը պարզապես ինքնաբուխ կամ ընդդիմության կազմակերպած միջադեպ էր։
Ակնհայտ է, որ իշխանությունը հաշիվներ ունի ընդդիմության հետ և խորհրդարանի դահլիճն օգտագործում է այդ հաշիվները ֆիզիկական ուժով մաքրելու համար։

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը տեղի ունեցած ջարդը «միջոցառում» անվանում։ Շատ պարզ պատճառով։ Քաղաքական հռետորաբանության մեջ կա մի հայտնի մանիպուլյատիվ հնարք՝ մեղմասացություն։ Երբ տեղի է ունենում հանրության կողմից խիստ դատապարտելի մի բան՝ բռնություն, ծեծկռտուք, աթոռների նետում, այն ներկայացվում է ավելի անվնաս բառերով՝ կատարվածի լրջությունը նվազեցնելու և սեփական թիմի գործողությունները մեղմելու համար։

Բայց բառերը չեն փոխում իրականությունը։ Ծեծկռտուքը միջոցառում չէ, բռնությունը՝ քաղաքական ակցիա, իսկ բերաններ ջարդելու կոչը՝ կարգուկանոնի հաստատում։

Եվ երբ բռնությունը կազմակերպողը կամ արդարացնողը փորձում է մեղավորներ փնտրել ընդդիմության մեջ, հիշեք՝ գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին։